Ստեփանակերտում անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն (լուսանկարներ)

17:22   27 հոկտեմբերի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուսումնավարժության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի և հարակից շենքերի բնակիչների տարհանման փորձնական միջոցառումներ է կազմակերպվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ, հատուկ  տակտիկական ուսումնավարժության ղեկավար Սուրեն Թամրազյանն ասել է, որ, համաձայն քաղաքացիական պաշտպանության  (ՔՊ) ընթացիկ  տարվա  միջոցառումների անցկացման պլանի, հոկտեմբերի 26-ից սկսվել են քաղպաշտպանության բնագավառում հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, որոնք իրականացվել են մայրաքաղաքի N 10 դպրոցի և Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքերում:

«Համաձայն գործող օրենսդրության՝ ուսումնավարժության ընթացքում քաղաքապետարանի կողմից ստեղծված ՔՊ բոլոր կազմավորումները, ԱԻՊԾ  աշխատակիցների և այլ օպերատիվ ծառայությունների  հետ մասնակցել են ուսումնավարժությանը: Այս կերպ փորձել ենք հասկանալ, թե հակառակորդի հարձակման դեպքում ինչ  կարող են լինել, և դրանք վերացնելու համար ինչ  քայլեր  պետք    է  ձեռնարկվեն,-ասել է Ս. Թամրազյանը և հավելել,- այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես կարճ ժամանակահատվածում մարվեցին առաջացած հրդեհի օջախները և տարհանվեցին բոլոր տուժածները»:

Իսկ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Նարիմանյանն էլ ասել է, որ ուսումնավարժությունն առաջին հերթին նպատակ ուներ կատարելագործել ուսումնավարժությանն ընդգրկված ղեկավար կազմի, ղեկավարման մարմինների և մասնագետների հակառակորդի օդային հարձակման հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ղեկավարման ունակությունները:

«Ստուգել  համապատասխան ղեկավարման ուժերի և միջոցների պատրաստականությունը: Գնահատել հակառակորդի օդային հարձակման հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը կարգավորող համապատասխան գործողությունների պլանների, հրահանգների և փաստաթղթերի լիարժեքությունն ու իրատեսությունը, ինչպես նաև ստուգել իրականացված և կատարվելիք միջոցառումների արդյունավետությունը»,-նշել է Ա. Նարիմանյանը:

Ուսումնավարժությանը ներկա էին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, ԱՀ ՔՊ պետի տեղակալ Կարեն Սարգսյանը, ստեփանակերտցիներ և այլք:



© artsakhpress.am