ԱրՊՀ-ում տեղի է ունեցել «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» գրքի շնորհանդեսը

17:15   24 նոյեմբերի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով իր խոսքում կարևորել է գրքի նշանակությունն ու անհրաժեշտությունը մեր օրերում:

«Հեղինակը շնորհակալ գործ է կատարել՝ պատմության հիշողությանը հանձնելով այն տղաների կատարած սխրանքը, ովքեր ամեն օր, ամեն վայրկյան աչալուրջ հսկում են մեր հայրենիքի սահմանները: Համոզված եմ, որ նա առաջիկայում ևս ընթերցողի դատին նոր գրքեր հանձնելու բազում հնարավորություններ կունենա, քանի որ ընտրել է հայ զինվորի փառքն ու պատիվը բարձր պահելու ճշմարիտ առաքելությունը»,- նշել է Վ. Յարամիշյանը:

Պատմելով գրքի մասին՝ Հ. Փաշայանն ասել է, որ այնտեղ ներկայացված են պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից 32 ժամկետային դիրքապահ զինվորների հայրենանվեր առաքելությունը, կյանքի ու մահվան սահմանագծում նրանց պատրաստակամությունը պատվով կատարելու, հայրենիքի սահմաններն անառիկ, իսկ հարազատների անդորրն անխախտ պահելու մասին հոդվածներ:

Գրքի հեղինակն ընդգծել է նաև, որ սահմանափակ քանակով զինծառայողների մասին հոդվածների ներկայացումն ամենևին չի նշանակում, որ դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող այլ զինծառայողներ չկան: «Մենք բոլորս բազմիցս ենք լսում նրանց կողմից կատարված ամենատարբեր սխրագործությունների մասին, և հենց նրանց բոլորի հավաքական ջանքերով է ապահովվում մեր երկրի անվտանգությունը: Ինչպես ցույց են տալիս զինծառայողների հետ ունեցած զրույցներն ու բոլոր ժամանակների ռազմարվեստի պատմության վերլուծությունները, բացի զենքից ու զինամթերքից, հաջողության հասնելու նախապայմաններից մեկն էլ մշտապես բարձր բարոյահոգեբանական որակներ ունեցող հայրենյաց պաշտպաններ ունենալն է»,- ավելացրել է Հ. Փաշայանը և հավելել, որ գիրքը նախատեսված է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենյաց պաշտպանների մարտական ոգին բարձրացնելու և բոլոր նրանց համար, ում համար թանկ է հող հայրենին:

Միջոցառմանը շնորհավորական խոսքերով, ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:

Տեղեկացնենք, որ գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կայքում:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի երաշխավորությամբ:



© artsakhpress.am