Արցախում հունվարին պետբյուջեի մուտքերը եղել են ռեկորդային. 88.9 տոկոսով գերակատարում է արձանագրվել

12:31   22 փետրվարի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը՝ ավելացնելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:

«2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2 մլրդ 981 մլն դրամ` պլանավորված 2 մլրդ 600 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 14.7 տոկոսով կամ 381 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 88.9 տոկոսով կամ ավելի քան 1 մլրդ 402 մլն դրամով, որից 923 մլն 900 հազ. դրամ գումարը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 478 մլն 700 հազ դրամը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում»,- ասել է Ա. Հարությունյանը:

ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը տեղեկացրեց նաև, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2 մլրդ 469.9 մլն դրամը կամ 82.9 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 176.3 մլն դրամի կամ 74.5 տոկոսի դիմաց:

Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի



© artsakhpress.am