Ստեփանակերտում կայացել է «Կողոպտիչները» ֆիլմի առաջնախաղը

17:47   25 փետրվարի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պրեմիերային ներկա ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Արայիկ Դավոյանը «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Աննա Պետրոսյան) հետ զրույցում ասել է, որ ֆիլմը կրիմինալ դրամա է, որի նկարահանման գաղափարն իր մեջ հասունացել էր դեռ տարիներ առաջ։

«Այն բարոյախրատական ֆիլմ է, որը պատմում է մարդկային ճակատագրերի ու ճանապարհների շեղման, կյանքի խեղման և այն ամենի մասին, թե ինչպիսի բացասական հետևանքներ է ունենում ոչ արդար քրտինքով գումար վաստակելը։ Այս ժանրն ընտրելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ այսօր, կարծես, հայկական կինոարտադրության մեջ գերակշռում են կատակերգությունները, և բազմազանության, ընտրության խնդիր կա»,- ասել է Ա․ Դավոյանը։


Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի նկարահանման ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար մեծ աջակցություն են ցուցաբերել կինոնկարի գլխավոր պրոդյուսեր Գարիկ Սահակյանը և ՌԴ Կրասնոդարի հայությունը։ Ֆիլմում նկարահանվել են նաև ռուս պրոֆեսիոնալ դերասաններ:

Նշենք, որ Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում «Կողոպտիչները» ֆիլմի ցուցադրությունը կտևի մեկ ամիս։



© artsakhpress.am