Ինչ միջոցներով է սկսվելու Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերանորոգումը. մանրամասներ

18:10   26 փետրվարի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամուլի խոսնակ Նարե Նիկողոսյանն՝ ավելացնելով, որ նախատեսվում է գործընթացի մեջ ընդգրկել մասնավոր ընկերությունների, անհատ նվիրատուների և ոչ միայն:

«Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունները նույնպես իրենց ներդրումն են ունենալու. մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ իրականացնելով դրա բարձրակարգ գովազդը, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղել Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգմանը»,- նշել է Ն. Նիկողոսյանը՝ հավելելով, որ փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարները եղել են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում՝ հստակ պատկերացում կազմելու կառույցի վիճակի վերաբերյալ:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 26-ին կայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքում հաստատվել է, որ Հայաստանի և Արցախի մշակութային համագործակցության շուրջ երկու հայկական հանրապետությունների մշակույթի նախարարների` վերջերս կնքած հուշագրի և դրանից բխող պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ մշակույթի նախարարությունն այս տարի կնախաձեռնի մշակութային միջոցառումներ՝ մի քանի ուղղություններով, ըստ որի ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները ողջ տարվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս՝ կոլեկտիվներից մեկը) հյուրախաղերով հանդես կգան Արցախում: Կայացող միջոցառումների տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգմանը:



© artsakhpress.am