Լիոնի հայերը հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

10:37   1 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ֆրանսիայի Լիոն քաղաքի գլխավոր հրապարակում` Պոնսեում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր բավական մարդաշատ էր։ Մի քանի տասնյակ հայեր առաջին անգամ հավաքվել էին այդտեղ` հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակին», գրում է Sputnik Արմենիան։

«Առաջին անգամ եկել ենք հարգելու Սումգայիթի ջարդերի ժամանակ սպանված մեր հայրենակիցների հիշատակը։ Դա, իհարկե, թուրքերին և ադրբեջանցիներին դուր չի գա։ Նրանք միշտ նման քայլերին սուր են արձագանքում», — Լիոնում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վազգեն Էսքիջյանը։

Ծաղիկներն, աղոթքները և երկար ելույթները հատուկ տեղադրած ամբիոնից մոտ մեկ ժամ շարունակ գրավում էին անցորդների ուշադրությունը։ Չնայած սառը եղանակին, քաղաքի հայերը հավաքվել էին` ամբողջ աշխարհին ասելու, որ իրենք հիշում են իրենց պատմության սև էջերից մեկը։

«Սա Լիոնի ամենամեծ հրապարակներից մեկն է։ Այստեղ 2006 թվականին քաղաքապետարանի թույլտվությամբ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան ենք կանգնեցրել։ Բոլոր կարևոր սգո տարելիցներն այստեղ ենք նշում։ Հուշարձանի մոտ ծաղիկներ են դնում նաև Հայաստանից ժամանած պատվիրակությունները», — ասաց Էսքիջյանը։
Նրա խոսքով` Լիոնի հայերը ազատ են իրենց գործողություններում. նրանց որևէ մեկը չի խանգարում նշելու սգո տարելիցները կամ ավանդական տոները` մեծ միջոցառումներով։

«Լիոնի հայերը հիմնականում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Այս ակցիայով մենք նորից աշխարհին ցույց ենք տալիս և պատմում, թե իրականում ինչ է տեղի ունեցել Սումգայիթում», — ասաց Էսքիջյանը։

«Հայերը Ֆրանսիայում» ամենամսյա հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Օդեթ Ութուջյանը նույնպես եկել էր ծաղիկներ խոնարհելու հուշարձանի մոտ։ Նա Լիոնում է ծնվել, նախնիները մազապուրծ են եղել Ցեղասպանությունից։

 

«Հարազատներս Սիրիայից են Լիոն տեղափոխվել, այնտեղ էին գաղթել 1915 թվականի կոտորածի ժամանակ։ Ես այստեղ եմ ծնվել, սակայն մենք չենք մոռանում մեր արմատների մասին։ Մենք հարգում ենք բոլոր տոները, նշում սգո տարելիցները։ Մեր իմացածը փոխանցում ենք ապագա սերունդներին, որպեսզի նրանք իմանան, թե ովքեր են և որտեղից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ութուջյանը։

Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից մեկն է, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Լիոնի մերձակայքում մոտ 100 հազար հայ է ապրում, բուն քաղաքում` մինչև 2 հազար։ Այս քաղաքը շատերը «հայկական մշակութային Փարիզ» են անվանում։ Քաղաքում հայերենով երկու ռադիոկայան է գործում, նաև հայկական ամսագիր է հրատարակվում։
Այստեղ բազմաթիվ հայկական կազմակերպություններ կան, դպրոց և եկեղեցի է գործում։

 



© artsakhpress.am