Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին

19:41   2 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև Ստանկևիչյուսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային ականավոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում իրենց կյանքը կորցրած Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակին: Դեսպան Մկրտչյանը հավելել է, որ Ռեքվիեմը կոչ է նաև ատելության և բռնի ուժ կիրառելու, «Այլևս երբեք»-ը որպես զուտ հռետորական կոչ դիտարկելու դեմ:

Դեսպանը Մկրտչյանն իր ելույթում նաև մեջբերել է  Ռիգայում ծնված հայտնի Իսայա Բերլինի խոսքերը, ով 1990թ. 132 նշանավոր այլ մտավորականների հետ ստորագրած նամակում նշել է, որ 1988թ. փետրվարին տեղի ունեցած սումգաիթյան ջարդերին հետևած Բաքվի և Կիրովաբաթի ջարդերը կրում էին նույն ձեռագիրը, որը և հանգեցնում է այն եզրակացության, որ այդ ողբերգական իրադարձությունները պատահական դեպքեր կամ ինքնաբուխ երևույթներ չէին:

Համերգին ներկա շուրջ 600 հոգանոց հանդիսատեսը հոտնկայս է ընդունել բարձր կատարողականությամբ օժտված Ռեքվիեմի մեկնաբանությունը: Համերգի ընթացքում հնչել են  նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է  լատվիական մամուլում. Լատվիայի հանրային հեռուստաընկերությունը եթերներ էր պատրաստել Տիգրան Մանսուրյանի, դեսպան Տիգրան Մկրտչյանի, Արքեպիսկոպոս Ստանկևիչյուսի մասնակցությամբ: Լատվիական հանրային ռադիոն, դասական երաժշտության ռադիո ալիքը, Լատվիայի ամենամեծ լրատվական կայքն ու ամենամեծ օրաթերթը՝ համապատասխանաբար «DELFI»-ն և «Diena»-ն, ծավալուն հոդվածներով և հարցարույցներով անդրադարձ են կատարել  այս համերգին:



© artsakhpress.am