Թուրքիայում դուք կարող եք ճնշում գործադրել, սակայն աշխարհում 12 մլն հայ կա ու տեր կկանգնեն մեր պատրիարքարանին. Կարո Փայլանը՝ իշխանություններին

12:01   4 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական Bianet կայքը:

«Պետության հետ մոտ կապեր ունեցող մեկը զբաղեցնում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, այսինքն՝ պետությունն իշխանական վերահսկիչ է նշանակում պատրիարքարանում: Դուք կարող եք Թուրքիայի ներսում նման ճնշում գործադրել հայության նկատմամբ, սակայն աշխարհում 12 մլն հայ կա ու գրեթե բոլորն արմատներով Անատոլիայից են, բոլորն էլ տեր կկանգնեն մեր պատրիարքարանին, միայն թե հիմա այն գտնվում է պատանդի կարգավիճակում», - tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Փայլանը:

«Կա մի իրականություն, որ Աթեշյանը չի վայելում աշխարհի հայության հարգանքը: Այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քվեատուփն է: Այս քաոսը կլուծի միայն ընտրությունը: Կազմակերպեք այդ ընտրությունը և մենք լուծենք այս հարցը, որը ճգնաժամային է և՛ հայ համայնքի, և՛ Թուրքիայի համար»,– ասել է նա։

Հայազգի պատգամավորը նաև պատմել է, որ թեմայի շուրջ զրուցել է նաև Թուրքիայի վարչապետի հետ:

«Ես ասացի պարոն վարչապետին՝ ո՞ր համայնքն է ձեզ ավելի ձեռնտու. անկառավարելի դարձած, թուլացած պոլսահայ համայնքը, թե՞ համայնքի կողմից հարգանք վայելող հոգևոր առաջնորդ ունեցող ու այս երկրի ամեն բնագավառում իր ներդրումներն ունեցող համայնք, այս տեսանկյունից էլ նայեք», - նշել է Փայլանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրավիրված արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:



© artsakhpress.am