Հայաստանը մասնակցում է Տորոնտոյի հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին

17:47   5 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների ավելի քան 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի 125 երկրից։  

Ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս  համաշխարհային հանքարդյունաբերական համայնքին ծանոթանալ ոլորտի նորամուծություններին և գիտական նվաճումներին, քննարկել զարգացման հեռանկարները, ինչպես նաև դիտարկել հնարավոր մարտահրավերներն ու առաջադրել լուծումներ:

PDAC-ն համարվում է  հանքարդյունաբերության  զարգացման  ժամանակակից միտումների և ներդրումային հնարավորությունների բացահայտման հարթակ, որտեղ նաև կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ներուժը:

Վարդան Գևորգյանը  մասնակցել է  նաև կոնֆերանսի շրջանակում անցկացվող կառավարությունների ներկայացուցիչների կլոր սեղաններից մեկին, որտեղ իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Սերբիայի և Բուլղարիայի կառավարությունների ներկայացուցիչները:  Նախարարի  տեղակալ Գևորգյանը ներկայացրել է  վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները: Այդ համատեքստում  մասնավորապես կարևորվել է երկրաբանական ֆոնդի տեղեկատվության թվայնացումը: Անդրադարձ է եղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության անդամակցությանը:

Տորոնտոյի  ամենամյա հավաքին մշտապես մասնակցում են նաև հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Հայաստանից ներկայացված է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան ինթըրնեյշնլը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագիրն իրականացնողն է։ 



© artsakhpress.am