Տնտեսավարող սուբյեկտներին տրվել են համապատասխան ցուցումներ. ՍԱՊԾ պետ

12:24   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊ ծառայության պետ Համլետ Ապրեսյանը:

ՍԱՊԾ պետի   խոսքով՝   ըստ սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների, 30 տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում է արձանագրվել. սննդի շղթայում ներգրավված թվով 68 աշխատողի մինչև բժշկական զննության չենթարկվելը, ըստ գործող օրենքի, թույլ չի տրվելու աշխատել:

Մեր զրուցակիցը  նշել  է, որ  հաշվետու ժամանակահատվածում էլ 60 աշխատողներ վերականգնվել են աշխատանքի:

«Սննդի շղթայում ներգրավված անձանց կեցվածքի խախտում է արձանագրվել 1 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որին տրվել է հանձնարարական՝ աշխատանքում ապահովել գործող օրենքի տարրերը: 5 տնտեսավարող սուբյեկտներ չէին ապահովել միջատների և կրծողների դեմ տարվող պայքարի իրականացումը: 6 տնտեսավարող սուբյեկտների մոտ էլ սարքավորումների և գույքի խախտում է արձանագրվել: Վաճառքի, արտադրական, կենցաղային սենքերի  խախտում է արձանագրվել 8 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Կենդանական ծագման սննդամթերքի և սննդամթերքի ընդունման և վաճառման տնտեսավարող սուբյեկտների մոտ ևս խախտումներ են արձանագրվել: Պատրաստի արտադրանքի մակնշման, փաթեթավորման խախտում է ի հայտ եկել 1 տնտեսավարող սուբյեկտի մոտ»,-մանրամասնել է Հ. Ապրեսյանը:

Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ փետրվար ամսին Ստեփանակերտի մսակաթնային և սննդի հսկողական կետում անասնաբուժասանիտարական փորձաքննության է ենթարկվել և իրացվել՝ խոշոր եղջերավոր անասունների 8598 կգ միս, մանր եղջերավոր անասունների՝ 552 և խոզի միս 4727 կգ:

Հաշվետու ժամանակահատվածում ծառայության տեսուչները կասեցրել են Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում առանց անասնաբուժական փաստաթղթերի ձկան իրացումը՝ հանձնարարելով նրանց աշխատել միայն անհրաժեշտ փաստաթղթեր ունենալու դեպքում:

Ծառայության տեսուչները նաև ուսումնասիրել են բուսական ծագում ունեցող որոշ մթերքներում նիտրատների առավելագույն մնացորդային քանակները, որի արդյունքում արձանագրված ցուցանիշները համապատասխանել են թույլատրելի նորմերին:

«Հաշվետու ժամանակատավածում ծառայության մասնագետները` «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին ուսումնասիրություններ են իրականացրել Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից մինչև Ակնա տեղամասի Սուրենավան համայնքի ճանապարհի աջ և ձախ կողմերում ցանված գարու ցանքսերում: Արդյունքում արձանագրվել է` դաշտերի խոնավության պատճառով գարու դաշտերի թերի թփակալման և զանգվածային դեղնման փաստեր: Ցանքսերում գնայուկ բզեզի վարակվածություն չի հայտնաբերվել»,-նշել է Հ. Ապրեսյանը:

ՍԱՊ  ծառայության   պետը   տեղեկացրել  է, որ հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) գործում է թեժ գիծ: 



© artsakhpress.am