Լարսի ճանապարհի ընդլայնումն ու անցակետերի արդիականացումը ավարտին կհասցվի այս տարի

13:48   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն և շինարարությունն այս տարի կմեկնարկի: Մինչև տարվա վերջ կունենանք մոդերնիզացիան»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է թունելի կառուցմանը, ապա այն ևս կմեկնարկի, բայց արդյունքները տեսանելի կլինեն ավելի ուշ:

Անդրադառնալով հարցին, թե ինչ առաջընթաց կա Հարավային Օսիայով և Աբխազիայով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու թեմայի շուրջ` Վահան Մարտիրոսյանը նկատեց. «Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց ես նորից ցանկանում եմ նշել, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է: Իհարկե, Հայաստանը աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Սակայն այլընտրանքը միայն ձեր նշած ճանապարհները չեն: Մենք այսօր ունենք այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը գործում է շատ հաջող ու բեռների շատ մեծ մասն անցնում է այդ ճանապարհով»:



© artsakhpress.am