Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

16:38   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով՝ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ մեր զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:



© artsakhpress.am