Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 34 մասնակից

15:54   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում են 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն:

Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն մեր հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Ընդհանուր առմամբ մեկնարկի դուրս կգա Հայաստանի 34 պատվիրակ:



© artsakhpress.am