Իսրայելում եկեղեցապատկան կալվածքների իրավունքները պատկանում են եկեղեցուն. Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ

15:09   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը` անդրադառնալով վերջին շրջանում այնտեղ առկա իրավիճակին:

-Ասացեք խնդրեմ, վերջին զարգացումներն ի՞նչ փուլում են, առաջացած խնդիրն ի՞նչ հանգուցալուծում ստացավ:

-Փետրվարի վերջին իրավատեր երեք հոգևոր պետերը որոշեցին Սուրբ Հարության տաճարի դուռը բացել, որովհետև որոշման նախորդ օրը Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտարարություն տարածվեց: Դա վերաբերում էր թե քաղաքապետարանի որոշմանը, որ եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձվեն, և թե Կնեսետում շրջանառվող օրինագծին՝ ըստ որի, եթե եկեղեցապատկան որևէ կալվածք անհատ ընկերությանը վարձակալության տրվեր, ապա պետությանն իրավունք էր տրվում այդ կալվածքը բռնագրավելու` փոխհատուցում վճարելով եկեղեցուն: Համաձայն վարչապետի գրասենյակից ստացված հայտարարության՝ այս երկուսը` օրինագիծը և քաղաքապետարանի որոշումը, առկախված են: Վարչապետի կողմից հանձնաժողով նշանակվեց, որում կան ներկայացուցիչներ քաղաքապետարանից, ֆինանսների, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններից: Բացի այդ, բոլոր քրիստոնեական հոգևոր հաստատությունների կողմից պետք է լինեն ներկայացուցիչներ բանակցություններ վարելու, այդ երկու հարցի հետ կապված ընդհանուր որոշման գալու համար:

-Պարզ է, որ այս խնդիրը միանգամից չծագեց: Երուսաղեմում եկեղեցապատկան հողերի հետ կապված խնդիրը, ընդհանուր առմամբ, որքա՞ն ժամանակ է խմորվում:

- Կարելի է ասել, որ Երուսաղեմում կալվածքի վերաբերյալ օրինագիծն արդեն մեկ տարի է նախապատրաստական փուլ էր անցնում: Պատճառը հետևյալն է. 2010 թվականից սկսած Հունաց պատրիարքարանը համաձայնագրեր էր ստորագրել պետության կողմից ճանաչված որևէ ընկերության հետ: Այն ընկերությունը, որը 99 տարով վարձակալությամբ վերցրել էր որևէ եկեղեցապատկան տարածք, ինչ-որ մի փուլում հրաժարվել էր իր այդ իրավունքից և պատրաստ էր իր վարձակալության իրավունքը վաճառելու երրորդ կողմի: Փաստորեն, Հունաց պատրիարքը 2010 թվականից սկսած համաձայնել էր, որ այդ երրորդ կողմը կարող էր լինել անհատ որևէ ընկերություն: Եվ այդ թվականից սկսված բավական կալվածքների վարձակալության իրավունքն այդ ձևով փոխանցվել էր անհատ կազմակերպությունների: Սա էր պատճառը, որ այս օրինագիծը սկսեց շրջանառվել:

-Դա առիթն էր, իսկ երկրում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ քաղաքականություն կա եկեղեցապատկան հողատարածքների նկատմամբ:

- Եկեղեցապատկան կալվածքների իրավունքները եկեղեցուն են պատկանում, դրանք  հստակ արձանագրված են: Այդ կալվածքները ծառայում են որպես եկամտի աղբյուր տվյալ եկեղեցու գոյատևման, առաքելության իրականացման համար: Եղել են դեպքեր, որ պետության եկեղեցապատկան կալվածքները հռչակվել են «կանաչ գոտի» կամ հանրային այգի: Երբ եկեղեցուն պատկանող կալվածքի նկատմամբ հայտարարվում է «կանաչ գոտի», այդտեղ եկեղեցին ոչինչ չի կարող իրականացնել: Պետությունն էլ չի կարող ոչինչ իրականացնել՝ առանց տվյալ եկեղեցու համաձայնության: Նման դեպքեր կան, անշուշտ, դա մեծ վնաս է հասցնում եկեղեցուն, որովհետև այսօր այդ կալվածքների հետ կապված որևէ ծրագիր, որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել: Իսկ մենք գիտենք՝ որքան շատ ծրագրեր, նախագծեր լինեն, այդքան շատ եկամուտներ կապահովվեն եկեղեցական հաստատության համար: Իսկ եկամտի դեպքում առաքելությունն ավելի արդյունավետ կարելի է իրականացնել:

-Քաղաքապետարանն իր որոշումը բացատրել էր այն հանգամանքով, որ բյուջեն ճեղքվածք ունի, չեն կարողանում բավարար չափով գումար հավաքագրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պատճառաբանությունը:

-Եկեղեցիները, վանքերը դարեր շարունակ ազատված են եղել հարկեր վճարելուց: Մենք երբեք չենք համաձայնվի, որ եկեղեցիների և վանքերի համար հարկեր սահմանվեն: Դա չի կարող որպես միջոց համարվել քաղաքապետարանի բյուջեի  բացը լրացնելու համար: Պետք է ուրիշ միջոց գտնեն այդ բացը լրացնելու համար: Քաղաքապետը դիմել էր Ֆինանսների նախարարին, երբ մերժում ստացավ, նոր գնաց այս քայլին: Ամեն դեպքում, երբ այնտեղ ասվում է պարտք, մենք դա պարտք չենք համարում, որովհետև դարեր շարունակ մենք ազատված ենք եղել հարկերից, նման պարտքը մեզ համար անընդունելի է: Այն բոլոր եկեղեցապատկան կալվածքները, որոնք տրված են վարձակալության, այդտեղից հարկեր վճարվում են: Մենք դեմ ենք, որ հարկեր սահմանվեն եկեղեցիների, վանքերի համար, իսկ դրանցից դուրս բոլոր շահութաբեր կալվածքների համար քրիստոնեական հաստատությունները հարկեր վճարում են:

- ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, օրինագծի ու քաղաքապետարանի որոշման հետ կապված զարգացումները որքանո՞վ են ազդում զբոսաշրջային հոսքի վրա:

-Անշուշտ, ԱՄՆ նախագահի հայտարարությունից, ինչպես նաև եկեղեցու դուռը փակելուց հետո ուխտավորների, զբոսաշրջիկների թվի անկում է նկատվում: Քանի որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո բռնություններ եղան, կոնֆլիկտը, կարծես, արթնացավ, շատերը չեղարկեցին այցը: Նույնն էլ Սուրբ Հարության տաճարի դուռը փակելուց հետո, երբ ուխտավորը գալիս է Սուրբ երկիր, առաջին այցելության վայրը Սուրբ Հարության տաճարն է: Եվ եթե ուխտավորը մտածում է, որ պետք է հասնի Երուսաղեմ ու չտեսնի երկու կարևոր սրբավայրերը, կմտածի այդ պահին այցը չեղարկելու մասին:

-Եթե չեմ սխալվում, հայ համայնքի ներկայացուցիչներն ավելի շատ սպասարկման ոլորտում են ներգրավված` առևտուր, ծառայությունների ոլորտ: Կարծում եմ, որ այցելությունների կրճատումը, նաև տնտեսապես ազդեցություն է թողնում տեղի բնակիչների, այդ թվում հայ  համայնքի վրա:

-Այո, ճիշտ եք, հայերը հիմնականում սպասարկման ոլորտում են: Քաղաքի այցելուների թվի կրճատումը, իհարկե, ազդեցություն է թողնում տեղի բնակիչների, այդ թվում հայերի վրա: Բայց տեղի բնակիչները սովոր են կարծես, որ այստեղ երկարատև հանգիստ իրավիճակ չի լինում: Անընդհատ ինչ-որ մի դեպք, գործողություն լինում է, որը բացասաբար է ազդում սպասարկման ոլորտի վրա, որոշ ժամանակ հետո իրավիճակը վերականգնվում է: Ասեմ, որ միայն Երուսաղեմի հայկական թաղամասում ապրում է 3 հազար հայ: Ընդհանուր առմամբ, Սուրբ երկրում, նկատի ունեմ թե Իսրայելի, թե Պաղեստինի հատվածները, ապրում է մոտ 8 հազար հայ: Մեր բոլոր ծրագրերը, ձեռնարկներն իրականացնում ենք միացյալ հանձնախմբի միջոցով, որտեղ ներկայացված են բոլոր միությունները: Ակտիվ համագործակցություն կա:

 



© artsakhpress.am