Պետական աջակցության տրամադրման ի՞նչ ծրագրեր կգործեն այս տարի. մանրամասնել է գյուղնախարարը

18:10   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն՝ ավելացնելով, որ ԱՀ-ում գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագրի շրջանակներում 2017-ին յուղատու մշակաբույսերի, եգիպտացորենի, հնդկացորենի, սիսեռի, ոլոռի, լոբու մշակման համար 1 հեկտարի համար անհատույց տրամադրվել են սահմանված համապատասխան քանակությամբ սերմ և հանքային պարարտանյութեր: Ընդհանուր առմամբ, տրամադրվել է շուրջ 300 տոննա տարբեր մշակաբույսերի սերմեր և ավելի քան 800 տոննա հանքային պարարտանյութեր (ֆոսֆորական և կալիումական):

«Բանջարեղեն մշակող հողօգտագործողներին 1 հա-ի դիմաց տրամադրվել է 200 000 դրամ գումար՝ ընդհանուր 315.6 հա-ի դիմաց: Ծխախոտի մշակությունից ստացված յուրաքանչյուր 1 կգ բերքի դիմաց հողօգտագործողներին է տրամադրվել 10 դրամ լրավճար: Մթերվել է 2205 տոննա ծխախոտի հումք»,- նշել է Ժ. Միրզոյանը:

2017 թվականին ԱՀ շրջաններում մոլախոտային բուսականության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում 1420 հա-ի վրա իրականացվել են պայքարի աշխատանքներ՝ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:

«2018 թվականին ևս կշարունակվի պետական բյուջեով հաստատված, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվող՝ կառավարության կողմից պետական աջակցության տրամադրման գործընթացը: Ընթացիկ տարում բուսաբուծության ճյուղի զարգացմանն ուղղված ծրագրերը նախատեսվում է իրականացնել բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի տեսքով՝ ըստ որի նախատեսվում է իրականացնել բազմամյա տնկարկների և ծխախոտի մշակության համար ոռոգման կաթիլային համակարգի տեղադրում, գարնանացան մի շարք մշակաբույսերի սերմերի, հանքային պարարտանյութերի ձեռքբերում ու տրամադրում, բանջարեղենի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների կամ դրանց համարժեք ապրանքանյութերի տրամադրում, ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում»,- ասել է Ժ. Միրզոյանը՝ հավելելով, որ կիրականացվեն նաև բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ձեռք կբերվի և հողօգտագործողներին կտրամադրվի թունանյութ՝ մկնանման կրծողների դեմ պայքար իրականացնելու նպատակով:

Նախարարն անդրադարձել է նաև ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում և դեպի ցանքատարածքներ տանող ճանապարհների եզրերին պաշտպանիչ շերտեր ստեղծելու նպատակով կազմակերպվող միջոցառումներին՝ նշելով, որ դրանք կշարունակվեն՝ ձեռնարկելով մոլախոտային բուսականության դեմ պայքարի կազմակերպում:



© artsakhpress.am