Ստեփանակերտում կազմակերպվել է կանանց մեծարման երեկո (լուսանկարներ)

10:29   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Միջոցառմանը երգերով, պարերով, երաժշտական կատարումներով հանդես են եկել Ստեփանակերտի արվեստի դպրոցի սաները:

Երեկոյին ներկա Արցախյան շարժման կին առաջամարտիկները, մշակույթի գործիչները, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացիները, հասարակական ակտիվ գործունեություն ունեցող կանայք ևս ներկայացել են երգերով, պարերով, ասմունքով, հումորային համարներով, շնորհավորական խոսքերով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն ասել է, որ նման ձևաչափով միջոցառումների կազպակերպումը յուրաքանչյուր կնոջ օրն ավելի գեղեցիկ ու յուրովի է դարձնում:

«Տոնի առթիվ շնորհավորում եմ, մաղթում առողջություն, խաղաղություն, բազում հաջողություններ և կանացի երջանկություն»,-ասել է Կ. Հարությունյանը:

Արցախյան շարժման առաջամարտիկ Անահիտ Թամրազյանը, վերհիշելով պատերազմյան օրերի մարտի 8-ը, ասել է, որ իրենց հրամանատարն այդ օրն անպայման քաղցրավենիքով հյուրասիրում էր իրենց, իսկ զինակից ընկերները դաշտային ծաղիկներ էին նվիրում:

«Մարտի 8-ն առիթ է, որ մենք՝ կանայք, մի պահ կտրվենք մեր առօրյա հոգսերից ու ծանրաբեռնվածություններից: Ցանկանում եմ, որ բոլորս լինենք գեղեցիկ, խոնարհ, ընտանիքի իսկական մայր»,-նշել է Ա. Թամրազյանը:

Միջոցառմանը ներկա Արցախի ժողովրդական երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-յի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Ալավերդյանն ասել է, որ մարտի 8-ի խորհուրդը մեծ է:

Նա, տոնի առթիվ շնորհավորելով բոլորին, մաղթել է, որ բոլոր կանայք միշտ ունենան գարնանային տրամադրություն:

Արցախյան շարժման օրերին գրված «Վերադարձիր» երգի հեղինակ, երգահան Իրինա Փիրումյանն էլ տոնի առթիվ բոլոր կանաց ու աղջիկներին մաղթել է բարություն, կանացիություն, երջանկություն, սեր՝ ընտանիքում, աշխատավայրում, շրջապատում:

«Թող ողջ աշխարհում լինի միայն ու միայն խաղաղություն, և ոչ ոք չտեսնի պատերազմ: Ի սրտե մաղթում եմ բոլորիս գարնան ջերմություն, ուրախություն ու բերկրանք»,-ասել է Ի. Փիրումյանը:

Երեկոյին ներկա էր նաև ԱՀ առաջին տիկին Անահիտ Սահակյանը: 



© artsakhpress.am