Յունիսեֆ. Տարեկան մինչև 12 մլն աղջիկ ամուսնանում է մինչև չափահաս դառնալը

11:22   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման տվյալ է հրապարակել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: 

Զեկույցի տվյալներով, տարեկան մինչև 12 մլն աղջիկ ամուսնանում է մինչև չափահաս դառնալը: Հիմա աշխարհում 650 մլն կին կա, ովքեր ամուսնացել  են մինչև 18 տարեկան դառնալը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ մանկական ամուսնությունների դեմ պայքարում առավել մեծ արդյունքների հասել են Հարավային Ասիայում: Այստեղ ցուցանիշները նվազել են ՝ 50 տոկոսից հասնելով 30 տոկոսի: Սա պայմանավորված է Հնդկաստանում  գրանցված արդյունքներով:

ՄԱԿ-ում հիշեցնում են, որ  աղջիկների վաղ ամուսնությունները հանգեցնում են վաղ հղիությունների, ծննդաբերություն ու մայրության՝ մինչ նրանք ֆիզոլոգիապես ու հոգեպես  պատրաստ կլինեն դրան: Բացի այդ, մեծանում է կողակիցների կողմից սեռական բռնությունների վտանգը: Բացի այդ, վաղ ամուսնությունները խանգարում են  կրթություն ու մասնագիտություն ձեռք բերելուն:

«Մանկական ամուսնութունները վատ հետևանքներ են թողնում նաև հասարակության վրա»,-ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գենդերային հարցերով խորհրդական Անժի Մալխոտրան:
Նրա խոսքով, նման ամուսնությունները սերնդեսերունդ խանգարում են ընտանիքներին ազատվել աղքատության խնդրից: Եվ չնայած մանկական ամուսնություններ տերմինը վերաբերում է երկու սեռերին էլ, սակայն դրանցից առավել շատ տուժում են աղջիկները:

«Հաշվի առնելով, թե մանկական ամուսնություններն ինչ էական ազդեցություն են ունենում աղջիկների կյանքի վրա, մեզ ուրախացնում է ցուցանիշների ցանկացած կրճատում: Սակայն մենք այդ առումով դեռ շատ անելիք ունենք»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ միջազգային հանրությունն իր առաջ խնդիր է դրել մինչև 2030 թվականն ամբողջությամբ վերջ դնել մանկական ամուսնություններին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մանկական ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Նիգերում, Չադում, Բանգլադեշում, Գվինեայում:

 



© artsakhpress.am