Հայեցակարգի միջոցով փոխելու ենք քաղաքականությունը գյուղատնտեսության մեջ. գյուղնախարար

16:49   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն՝ ավելացնելով, որ հայեցակարգում ներառված են ճյուղային ուղղություններ, ըստ որի՝ նախատեսվում է առանձին գյուղատնտեսության բոլոր ճյուղերի համար կազմել ծրագրեր, որոնցից 3 հիմնականը համաձայնության համար գտնվում է շրջանառության մեջ:

Գյուղատնտեսության նախարարն առանձնացրել է «բուսաբուծության զարգացման համալիր ծրագիրը», «անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» և «արոտավայրերի կառավարմանը վերաբերող» որոշման նախագծերը: Սրանով էլ պայմանավորված է լինելու հայեցակարգային դրույթների կամ մոտեցումների մեկնարկը:

«Հայեցակարգը բաժանվում է նաև գաղափարական ուղղությունների: Շատ կարևոր է, որ հողօգտագործողները հստակ գիտակցեն, որ հայեցակարգը ինչ-որ ֆինանսական միջոցներ ուղղելու կամ ամեն ինչ ֆինանսավորելու ծրագիր չէ, այլ հստակ նպատակ ունեցող ծրագիր, որով մենք փոխելու ենք քաղաքականությունը գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև վերաբերմունքը գյուղատնտեսական ծրագրերը ֆինանսավորելու առումով:

Առաջին ուղղությունը կոչվում է կանոնակարգում և կարգապահություն: Սա գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հիմնական ու գլխավոր ուղղությունն է, որի միջոցով կանոնակարգվելու է գյուղատնտեսության ոլորտի բոլոր հարաբերությունները տարբեր սուբյեկտների միջև: Հաջորդ գաղափարական ուղղությունը գիտելիքների կատարելագործումն է, որը ևս կարևոր ուղղություն է և էական ազդեցություն ունի ոլորտի բոլոր ուղղություններում կատարվող աշխատանքների արդյունավետության համար: Մենք պարբերաբար կազմակերպելու ենք դասընթացներ, սեմինարներ, մեթոդական և այլ միջոցառումներ՝ հատկապես գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին ընդառաջ»,- նշել է Ժ. Միրզոյանը և ավելացրել, որ ուղղություններից մեկն էլ ինտենսիվացման մակարդակի բարձրացումն է, որը և՛ անասնաբուծության, և՛ բուսաբուծության ճյուղերի համար պարտադիր պայման է լինելու:

Նախարարի խոսքով՝ էական ուշադրություն է դարձվելու ոչ թե տարածքների ավելացման հաշվին գյուղատնտեսությունը զարգացնելուն, այլ միավոր տարածքից աճ արձանագրելուն՝ այդ թվում՝ միավոր կովի կաթնատվությանը, գյուղատնտեսական կենդանու մթերատվության բարձրացմանը: Սա ժամանակակից գյուղատնտեսության հիմնական ուղղությունն է, և հատկապես բուսաբուծության ճյուղերի հետ կապված ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ բավականին ծրագրեր կան, որոնց համար ուղղվում են մեծ գումարներ՝ կապված ոռոգման համակարգերի հետ: Մասնավորապես՝ գործում է կաթիլային համակարգերի ներդրման ծրագիր, որը շարունակվելու է առաջիկայում ևս՝ սակայն ունենալով որոշ առանձնահատկություններ:



© artsakhpress.am