Artsakhpress

Մշակույթ

Քաշաթաղի շրջանում հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց. հնագետ

«Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարները զննելու արդյունքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գյուղի հարավային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կետում, վերջերս հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց:

Քաշաթաղի շրջանում հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց. հնագետ

Քաշաթաղի  շրջանում    հայտնաբերվել  է  14-18-րդ  դարերի ամրոց. հնագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում ասել  է   հնագետ  Գագիկ  Սարգսյանը՝  նշելով, որ   ամրոցը զբաղեցնում է երկու գետերի մակարդակից մոտ 20 մ բարձրությամբ հյուսիս-հարավ ձգվող բլրի էլիպսաձև, ձեռակերտ  հարթեցված գագաթնամասը:
«Կառույցը  պաշտպանված է շրջապարսպով, որի ներփակ տարածքի առավելագույն երկարությունը  107 մ է, լայնությունը՝  36 մ, ինչը կազմում է 3680 քառ/մ: Պարսպապատերի ընդհանուր երկարությունը 278 մ է: Պարիսպները կառուցված են միջին չափերի ճեղքած մոխրագույն ավազաքարից և գետաբերաններից բերված գլաքարերից կապակցված ամուր կրաշաղախով: Այսօր գետնի մակերեսին երևում է միայն 1.5-2.2 մ լայնությամբ պարսպապատի հիմնամասերի ուրվագիծը: Նկատվում է նաև, որ շրջապարիսպը ուժեղացված է եղել ոչ համաչափ դասավորված փոքր, ուղղանկյուն որմնահեծերով: Ամրոցի ներսի տարածքը հիմնականում հարթ է ու դատարկ: Կառուցապատման հետքեր նկատվում են միայն հարավային կողմում՝  այն էլ հատվածաբար ուրվագծվող հիմնապատերի  տեսքով»,-ավելացրել  է  հնագետը:
Ըստ  Գ.  Սարգսյանի՝  ուշագրավ է ամրոցի գլխավոր մուտքի կառուցվածքը: Մուտքի արևելյան աշտարակը չափերով արտաքինից հնգանիստ զանգված է, որի պահպանված ստորին մասը միաձույլ է: Ամենայն հավանականությամբ նրա վերևի հատվածն ունեցել է սնամեջ ծավալ: Ճիշտ նմանատիպ մի  աշտարակ էլ կանգնեցված  է ամրոցի հարավ-արևմտյան  անկյունում:
«Երկու աշտարակներից  բացի    երևացող հիմնապատերից  պահպանվել են նաև ցոկոլային մասի 1.5-2 մ բարձրությամբ զանգվածները: Վերջիններս գլխիվայր ընկած են իրենց իսկ հիմքերի դիմաց: Ընկած զանգվածների դիրքն ակնհայտորեն վկայում է, որ այս երկու աշտարակները ժամանակին պայթեցվել են: Ամրոցի կրաշաղախով կառուցված պարիսպների ավերվածության աստիճանը թույլ է տալիս մտածելու, որ նրա կործանման մեջ առկա է նաև մարդկային գործոնը:  Բլրի լանջերին կառուցապատման ցայտուն հետքեր չեն պահպանվել: Ամրոցի արևելքում հիմնական պարսպագծի տակ փորված պաշտպանական խրամատը, ըստ ամենայնի, Արցախյան  ազատագրական պատերազմի  հետևանք է»,-մանրամասնել  է  հնագետը  և  հավելել, որ  հուշարձանի տարածքը հարուստ է վերգետնյա խեցեղենով: Ճարտարապետական մանրամասների և վերգետնյա խեցեղենի վերլուծության հիման վրա հուշարձանը թվագրվում է 14-18-րդ դարերին: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search