Ադրբեջանը ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը, միջազգային հետախուզում հայտարարելով Արցախի Հանրապետությունում պատիժը կրած և ազատ արձակված իր քաղաքացու՝ Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը:
Ադրբեջանը ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում քաղաքացին իրավունք ունի երրորդ երկիր տեղափոխվել, հենց քաղաքացին է որոշում իր հետագա ճակատագիրը: Ադրբեջանի նման վերաբերմունքը տհաճ է, որովհետև վկայում է այն մասին, որ նրանք սպասում էին իրենց քաղաքացուն, որպեսզի համապատասխան ճնշման ենթարկեն, միգուցե նաև քարոզչական գործիք դարձնեն»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով Արցախի սահմանը հատելու համար 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլմանօղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:
Արտակ Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետությունը չի բացահայտում Էլնուր Հուսեյնզադեի գտնվելու վայրը՝ ելնելով թե՛ միջազգային մարդասիրական իրավունքից, թե՛ հենց քաղաքացու անվտանգության տեսակետից:
«Համոզված եղեք, որ Արցախի Հանրապետությունը ամեն ինչ կատարել է, որպեսզի պահպանվի Էլնուր Հուսեյնզադեի իրավունքները: Ես ևս հետևել եմ գործընթացին, որպեսզի մինչև վերջին պահը ամեն ինչ Արցախի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լինի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու հայկական կողմը գերիների փոխանակում չարեց, Արտակ Բեգլարյանը կրկին հղում կատարեց միջազգային մարդասիրական իրավունքին, որի գլխավոր սկզբունքներից մեկը տվյալ քաղաքացու կամքն է:
«Եթե տվյալ անձը չի ցանկանում վերադառնալ իր քաղաքացիության երկիր, բնականաբար, ոչ ոք իրավունք չունի իրեն ստիպել, ինչպես նաև ինչ-որ քաղաքական փոխանակման կամ քաղաքական առևտրի առարկա դարձնել: Եթե Հուսեյնզադեն ցանկանար վերադառնալ իր քաղաքացիության երկիր, ավելի վաղ հնարավոր կլիներ փոխանակում անել, մինչև ազատ արձակումը: Իր ժամկետը լրանում էր փետրվարի 2-ին, հենց այդ օրն էլ բաց է թողնվել: Իսկ այդ ժամանակ արդեն իրավունք չունեինք փոխանակում կատարել»,- ասաց Արտակ Բեգլարյանը: