Փետրվարի 9-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է հայաստանյան «Փափուկ շինշիլ» շինշիլաբուծական տոհմային տնտեսության հիմնադիրներ Մհեր Միրզոյանին (գործադիր տնօրեն), Քրիստափոր Արթինին և Արման Քարամյանին:
Արցախում կհիմնադրվեն շինշիլաբուծական տոհմային փոքր տնտեսություններ
Նախարարը նշել է, որ կարևորում է Արցախում շինշիլաբուծության զարգացումն ու արմատավորումը, քանզի, որպես փոքր բիզնես, այն կարող է բազմաթիվ տնտեսավարողների համար դառնալ հիմնական եկամտի աղբյուր, առավելևս, որ այն մեծ ներդրումներ չի պահանջում և արագ զարգանալու լուրջ հեռանկար ունի: Սակայն, նշել է Ժիրայր Միրզոյանը, կան նաև ռիսկեր՝ կապված պոտենցիալ տնտեսավարողների մոտ բուծման հետ կապված անհրաժեշտ գիտելիքների բացակայության հետ:
Ոլորտի զարգացման մեկնարկին զուգընթաց, տնտեսավարողների և անասնաբույժների համար կկազմակերպվեն սեմինարներ և անհրաժեշտ վերապատրաստում:
Քրիստափոր Արթինն անդրադարձավ շինշիլաբուծության առավելություններին՝ նշելով, որ տվյալ դեպքում տնտեսավարողների համար ռիսկերը քիչ են նաև այն պատճառով, որ միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող՝ թանկարժեք մորթատու այս կենդանիների բուծումն իրականացվում է փակ պահվածքով ու բարդ գործընթաց չէ: Մորթու վերամշակումն էլ կիրականացվի տեղում:
Այնուհետև հանրապետության շրջաններից ժամանած հինգ տասնյակ տնտեսավարողների համար անցկացվեց սեմինար-պարապմունք՝ նվիրված շինշիլաբուծության վարման առանձնահատկություններին: