Այսօր` փետրվարի 12-ին, հայ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հրանտ Մաթևոսյանի հոբելյանը՝ մի հատված ընթերցելով նրանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով շնորհավորել է Հրանտ Մաթևոսյանի 84-րդ հոբելյանի առթիվ՝ ընթերցելով նրա «Ծառերը» ստեղծագործությունից մի հատված։
«Այս տողերում մոտավորապես նկարագրված էր այն, ինչ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցավ, ըստ էության, մենք նախորդ տարի կատարեցինք Հրանտ Մաթևոսյանի պատգամը՝ մենք չկոտրվեցինք, և ապացուցեցինք, որ մեզ չեն կարող կոտրել։ Շնորհավոր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը»։
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում՝ Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։