Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի ձգձգումը չի բխում կազմակերպության շահերից ու հնարավորինս արագ լուծում է պահանջում:
«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հնարավորինս արագ լուծում է պահանջում». Բելառուսի ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է tert.am-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը:
«ՀԱՊԿ-ն արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակն օգուտ չի բերում կազմակերպությանն ու հնարավորինս արագ լուծում է պահանջում»,-ասել է պաշտոնյան:
ՀԱՊԿ անդամ երկրներից հինգը, Հայաստանից բացի, պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները կառույցի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք են առաջադրել: