Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել». Բելառուսի ԱԳՆ խոսնակ
Գլազն ընդգծել է, որ Բելառուսը, հաշվի առնելով Հայաստանում դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ըմբռնումով է մոտեցել այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի ունեցել հանդիպելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուի հետ:
«Այժմ այդ փուլն ավարտված է, այնպես որ մենք սպասում ենք, որ հայկական կողմն արդեն առաջիկայում կհայտնի հանդիպման հնարավոր ժամկետների մասին: Մեր կողմից մենք տրամադրված ենք Երևանի հետ կառուցողական փոխգործակցության, և հույս ունենք փոխըմբռնման հասնել: Ի վերջո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել, անգամ եթե որևէ հնարավորություն չկա դրանից կրկին օգտվելու»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:
Նա հավելել է, որ Բելառուսի առաջադրած թեկնածուի՝ առանց հայկական կողմի համաձայնության նշանակման տարբերակ իրենք դեռևս չեն դիտարկում:
«Առայժմ աշխատում ենք փոխհամաձայնության հասնելու տարբերակի ուղղությամբ», - ասել է Գլազը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ՀԱՊԿ անդամ երկրներից հինգը, Հայաստանից բացի, պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները կառույցի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք են առաջադրել: