«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» մասնակցելու է 2020-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, իսկ նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի կուսակցության ղեկավար կուսակցության ղեկավար, ԼՂՀ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը։
ԱԺԿ–ը կմասնակցի Արցախի ԱԺ և նախագահական ընտրություններին, իսկ նախագահի թեկնածուն, հավանաբար, կլինի Աշոտ Ղուլյանը․ Վարդգես Բաղրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։
«Քիչ առաջ ավարտվեց մեր կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ բնականաբար քննարկվեց նաև ընտրությունների հարցը։ Այս տարի աշնանը՝ սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ 2020-ի մարտի վերջին համապետական ընտրությունները։ Մեր կուսակցությունը և՛ ՏԻՄ, և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել։ Ի դեպ, նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նույն օրը»,- հայտնեց նա։Վարդգես Բաղրյանի խոսքով՝ կուսակցության նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, լինելու է Աշոտ Ղուլյանը, բայց վերջնական որոշումը կկայացվի աշնանը տեղի ունենալիք կուսակցության համագումարի ժամանակ։
Արցախում ՏԻՄ ընտրություններ տեղի են ունենալու բոլոր համայնքներում, այդ թվում է նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։
«Բավականին մեծ ակտիվություն է նկատվում, նոր կուսակցություններ են հիմնադրվում, խոսում են ամենատարբեր թեկնածուների մասին, բայց մենք ունենք մեր էլեկտորատը։ Մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում և մարդկանց իրավունքն է առաջադրվել»,- ասել է Վարդգես Բաղրյանը։
«Մեր կուսակցության անվանումն ինքնին հուշում է, որ մենք ժողովրդավարական երկիր ենք տեսնում։ Մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի։ Շատ կարևոր է, թե ինչպիսի ընտրություններ ենք կազմակերպելու, որքանով են դրանք լինելու արդար, թափանցիկ, որովհետև հենց դրանով է պայմանավորված լինելու նաև մեր կշիռը, որքանով է աշխարհը ընդունելու մեր որոշումը։ Մեզ համար սա միշտ եղել է առաջնահերթություն։ Խնդիր է նաև մեկ անգամ ևս ապացուցել աշխարհին, որ ժողովրդավարական երկիրը երբեք չի կարող լինել բռնապետական երկրի կազմում»,- հայտարարեց Վարդգես Բաղրյանը։