Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից (լրացված)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից (լրացված)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21փետրվարի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Լրացված
Քիչ առաջ անդրադառանալով Հանրապետության նախագահի հրամանագրին՝ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:
Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով: Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նախագահ Սահակյանին, ով 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին:
Թե՛ վարչապետի, թե՛ պետական նախարարի և թե՛ նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում իմ առաքելությունն է եղել աշխատել և օգտակար լինել մեր հայրենիքի առաջընթացին: Ուրախ եմ, որ այսօր ձևավորված է արհեստավարժ թիմ, որն ի զորու է ապահովել Կառավարության ծրագրով նախատեսված բարձր ցուցանիշները:
Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման»: