ԱԺ պատգամավորի նախաձեռնությամբ գյուղոլորտի պատասխանատուները հանդիպել են երիտասարդ հողօգտագործողների հետ
Փետրվարի 19-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում կայացել է հանդիպում հանրապետության գյուղոլորտի պատասխանատուների և Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների մի խումբ երիտասարդների հետ, ովքեր զբաղվում կամ հետաքրքրված են գյուղատնտեսական գործունեությամբ:
ԱԺ պատգամավորի նախաձեռնությամբ գյուղոլորտի պատասխանատուները հանդիպել են երիտասարդ հողօգտագործողների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21փետրվարի,ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանն ասել է, որ հանդիպմանն ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Տիգրան Ծատրյանը ներկայացրել են գյուղոլորտի զարգացման ուղղությամբ տարվող ծրագրերի ու աշխատանքների իրականացման ընթացքի մասին: Առանձին անդրադարձ է կատարվել գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրմանը, գործընթացը կսկսվի առաջիկա օրերին:
«Ներկաների համար պարզաբանվել են գյուղոլորտում իրականացվող այնպիսի նպատակային ծրագրեր, որոնք կոչված են գյուղատնտեսության արտադրողականությունը արդյունաբերական և որակական բարձր ցուցանիշների հասցնելուն, ինչ համար ոլորտի ծրագրերի մեծ մասը միտված են գյուղատնտեսությանն անհրաժեշտ ենթակառուցվածքներով, ժամանակակից տեխնոլոգիաներով համալրելուն: Մանրակրկիտ ներկայացվել են նաև անասնաբուծության, այգեգործության, բանջարաբուծության, դաշտավարության և ոռոգման ոլորտներում առկա բոլոր ծրագրերը»,- նշել է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ համայնքներում ապրող երիտասարդները, իրականում, նման հանդիպումների կարիքը շատ ունեն, և դա է պատճառը, որ հանդիպման ընթացքում առաջարկների ու ծրագրերի ներկայացման պակաս չի եղել:
ԱԺ պատգամավորի տեղեկացմամբ՝ ծնունդով լինելով Ավետարանոց գյուղից՝ փորձելու է աջակցել տեղի երիտասարդությանը, որպեսզի կարողանան գյուղատնտեսության ոլորտում իրականացնել այն ծրագրերը, որոնք կարող են բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները՝ առաջընթաց ապահովելով գյուղական համայնքների զարգացման կյանքում: