Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի արտաքին հարաբերությունների պատասխանատուների հետ: Հանդիպումը կազմակերպվել է Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի աջակցությամբ:
Արցախի ԱԺ նախագահը Նիդեռլանդների խորհրդարանականների հետ քննարկել է Արցախի խնդրի ներկա վիճակը
Աշոտ Ղուլյանը հակիրճ տեղեկություններ է հաղորդել Արցախի պատմության, ազատության և ինքնորոշման համար պայքարի քաղաքական և իրավական հիմքերի, Արցախի պետականաշինության առանձնահատկությունների վերաբերյալ:
Հանդիպման վերջում պատասխանելով ներկաների հարցերին՝ Արցախի խորհրդարանի նախագահը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին, Արցախի տնտեսական զարգացման հնարավորություններին ու մի շարք այլ թեմաների:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: