Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին, սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող:
Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է INTERFAX-ի ադրբեջանական ծառայությունը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին:
Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Աղբյուրը հայտնում է, որ զինված խմբի անդամներին հաջողվել է փախուստի դիմել, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում: