Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը մարտի 13-ին հայտնել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից հետո ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը:
Վենեսուելայում ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է գրում է CNN-ը:
«Այսօր համազգային մակարդակով լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,- հայտարարել է Ռոդրիգեսը պետական հեռուստաալիքի եթերում՝ խոստովանելով, որ մի շարք վայրերում դեռևս տրանսֆորմատորների պայթյունի պատճառով խնդիրներ են առկա:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վենեսուելայում երկրի ամենախոշոր՝ «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով մասշտաբային հոսանքազրկումներ էին գրանցվել 23 նահանգներից 21-ում, իսկ մայրաքաղաք Կարակասում էլեկտրամատակարարման ընդհատումը 6 ժամ էր տևել:
Վենեսուելայի էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան միջադեպը Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի գործողություն է որակել:
Երկրի նախագահ նիկոլաս Մադուրոն կատարվածի համար «ամերիկյան իմպերիալիզմին» է մեղադրել: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նման մեղադրանքները: Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն էլ իր հերթին հայտարարել է, որ հոսանքազրկումը «ուզուրպատորի անարդյունավետության ապացույցն» է՝ նկատի ունենալով Նիկոլաս Մադուրոյին: