ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակել է ամենամյա «Երջանկության համաշխարհային զեկույց»-ը՝ World Happiness Report-ը, որը 2012թ. ի վեր հրապարակվում է 7-րդ տարին անընդմեջ:
Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը. Հայաստանը 13 կետով բարելավել է իր դիրքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զեկույցը ներկայացնում է՝ ինչպես է աշխարհում տարբեր գործոնների շնորհիվ մարդկանց կյանքը երջանիկ դառնում: Զեկույցը կազմելիս մասնագետներն ամեն տարի կենտրոնանում են որևէ հստակ թեմայի վրա:
Փաստաթուղթը կազմելիս մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, տվյալ պետության կառավարման և բնակչության երջանկության միջև ուղղակի կապերը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:
Այս տարի վարկանշային աղյուսակը գլխավորել է Ֆինլանդիան՝ ճանաչվելով աշխարհում ամենաերջանիկ երկիր: Ֆինլանդիան առավելագույն 7,76 միավոր է հավաքել, փոխանցում է tert.am-ը:
Դրան հաջորդում են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրիան, Ավստրալիան, Կոստա Ռիկան, Իսրայելը, Լյուքսեմբուրգնու Մեծ Բրիտանիան:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է աշխարհի 156 պետություն, այդ թվում՝ Հայաստանը: Մեր երկիրը, ինչպես նաև հարևան Իրանն ու Վրաստանը հավաքել են 4,5-ական միավոր: Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարվա, իր դիրքերը բարելավել է 13 միավորով և գտնվում է 116-րդ հորիզոնականում, Իրանը 117-րդն է, իսկ Վրաստանը՝ 119-րդը: Ռուսաստանը 5,6 միավորով 68-րդ հորիզոնականում է: Թուրքիան 5,3 միավորով 79-րդն է, Ադրբեջանը 5,2 միավորով 90-րդն է:
Հավելենք, որ վարկանիշի եզրափակիչ տասնյակում են Հաիթին, Բոթսվանան, Սիրիան, Մալավին,Եմենը, Ռուանդան, Տանզանիան, Աֆղանստանը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը: