Artsakhpress

Վերլուծական

Արդյո՞ք խորհրդարանական դիվանագիտությունը ելք է մեկուսացումից. Արցախն ապացուցում է՝ այո

Վերջին տարիներին աճում է միջազգային հարաբերություններում խորհրդարանական ներգրավվածության աստիճանը:

Արդյո՞ք խորհրդարանական դիվանագիտությունը ելք է մեկուսացումից. Արցախն ապացուցում է՝ այո

Արդյո՞ք խորհրդարանական դիվանագիտությունը ելք է մեկուսացումից. Արցախն ապացուցում է՝ այո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն պայմանավորված է մի կողմից խորհրդարաններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ընդլայնմամբ միջազգային պայմանագրերի վավերացում և այլն, մյուս կողմից՝ երկրի արտաքին քաղաքականության ձևավորման և իրականացման գործում խորհրդարանի՝ որպես ժողովրդի ներկայացուցչական մարմնի, առավել ակտիվ ներգրավմամբ: Դրա մասին է խոսում նաև միջազգային խորհրդարանական կառույցների աճող դերակատարությունը:
Ի տարբերություն գործադիր իշխանության ներկայացուցիչների, ովքեր կաշկանդված են պետական քաղաքականության շրջանակներում, օրենսդիրները շատ ավելի ազատ են իրենց դիրքորոշումներն արտահայտելու առումով, որոնք շատ հաճախ կարող են չհամընկնել իրենց պետությունների պաշտոնական դիրքորոշումների հետ: Այս առումով խորհրդարանականներն օժտված են ազատությամբ, գործոն, որը «հակացուցված է» դիվանագետներին: Ինչպես պնդում են որոշ տեսաբաններ, խորհրդարանականները փորձում են միջազգային քաղաքականություն բերել բարոյական չափանիշը, որը դուրս է գալիս ազգային հետաքրքրությունների նեղ սահմանումներից, մասնավորապես ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքային աջակցության առումով: Այն թույլ է տալիս զերծ մնալ ձևականություններից ու ավելի շատ կենտրոնանալ մարդկային հասարակ կարիքների վրա:
Եթե ճանաչված երկրներում խորհրդարանական դիվանագիտությունը գործում է ավանդական դիվանագիտությանը զուգահեռ, ապա չճանաչված երկրներում, որոնք ունեն սահմանափակ արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորություններ, ոչ դասական դիվանագիտության դերակատարությունն առավել ընդգծված է: Այս համատեքստում խորհրդարանական դիվանագիտության հաջողված փորձ կարելի է դիտարկել Արցախի օրինակը:
Արցախը անկախություն է հռչակել 1991թ. և չնայած բավարարում է «պետականության»՝ միջազգային իրավունքով (1933թ. Մոնտեվիդեոյի կոնվենցիա) սահմանված պահանջները տարածք, բնակչություն, կառավարություն, արտաքին կապեր ստեղծելու կարողություն, դեռևս ոչ մի երկրի կողմից միջազգային իրավական ճանաչում չի ստացել:
Սահմանափակ հնարավորություններ ունենալով դասական արտաքին քաղաքականություն վարելու համար՝ Արցախը ակտիվորեն օգտվում է խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններից: Եթե տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչները խուսափում են Արցախի հետ կապված հարցերում ներգրավվելուց կամ անգամ հրապարակային այցեր կատարելուց, ապա այդ նույն երկրների օրենսդիրները շատ ավելի անկաշկանդ են իրենց հայտարարություններում ու հրապարակային այցերում: Այս խորհրդարանականների աշխարհագրությունը բազմազան է. Ուրուգվայից մինչև Ավստրալիա, Կանադայից՝ Ռուսաստան, Պորտուգալիայից՝ Միացյալ Թագավորություն: Ավելին, Արցախի անկախությունը սատարվում է ոչ միայն առանձին խորհրդարանականների, այլ նահանգային օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձևերի միջոցով: Այսպես, ԱՄՆ ութ՝ Ռոդ Այլենդ, Մասաչութս, Մեյն, Լուիզանիա, Կալիֆոռնիա, Գորջիա, Հավաի, Միչիգան նահանգներ և Ավստրալիայի Նոր Հարավային Ուելզ նահանգը նման բանաձևեր են ընդունել:
Անշուշտ, պետք է շեշտել, որ արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներում Արցախն ունի սփյուռքի հայկական կառույցների, մասնավորապես՝ ԱՄՆ Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի Հայկական Համագումարի, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը:
Խորհրդարանական դիվանագիտությունը վերջին տարիներին Արցախում  ինստիտուցիոնալացվում է: Այսպես, գործում են ԱՀ-ՀՀ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը (1998), Եվրախորհրդարան-Արցախ բարեկամության խումբը (2014),  Բելգիայի Ֆլադրիա-Արցախ բարեկամության խումբը (2017) և կառուցվածքով բարեկամության խմբից շատ քիչ տարբերվող մեկ այլ ձևաչափ՝ բարեկամության շրջանակները: Վերջիններս թույլ են տալիս ներգրավելու նաև նախկին խորհրդարանականների, հասարակական ու քաղաքական գործիչների: Դրանց լավագույն օրինակներն են Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակը (2013), Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը (2013) և Բելգիայի ֆրանսախոս պատգամավորների, հասարակական և գիտական գործիչների Արցախի հետ բարեկամության շրջանակը (2017): Այս բոլոր կառույցների համապատասխան բարեկամության խմբերն ու շրջանակները ստեղծվել ու գործում են նաև Արցախում:
Բարեկամության խմբերի և շրջանակների միջոցով համագործակցությունը թույլ է տալիս ոչ միայն փորձի փոխանակում իրականացնել օրենսդրության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, ապակենտրոնացված կառավարման, մշակույթի ու այլ բնագավառներում, այլև յուրատեսակ մեխանիզմ են՝ հաղթահարելու այն արհեստական խոչընդոտները, որոնց հետևանքով չճանաչված երկրների ժողովուրդները մնում են անտեսված:
Խորհրդարանական դիվանագիտության արդեն իսկ կուտակված փորձն ու առկա հնարավորությունները լուրջ նախադրյալներ են ընդլայնելու համագործակցության աշխարհագրական սահմանները և ամրապնդելու միջազգային հանրությանն Արցախի ժողովրդի ինտեգրումը:
                                                                                                                                    Անուշ Ղավալյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search