Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողություն կազմակերպած անձանց ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև որևէ տարբերություն չի տեսնում, և կոչ է արել թույլ չտալ ահաբեկչությունը կապել որևէ կրոնի հետ:
Էրդողանը հայտարարել է, որ Նոր Զելանդիայի ահաբեկչության հեղինակների ու ԻՊ-ի զինյալների միջև որևէ տարբերություն չկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Որպես առաջնորդ, որն անընդհատ ընդգծում է, որ ահաբեկչությունը կրոն, լեզու կամ ռասա չի ճանաչում, ես կտրականապես մերժում եմ անցած շաբաթ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունը քրիստոնեական կրոնի ուսմունքների, բարոյականության կամ դրույթների հետ կապելու փորձերը»,- գրել է Էրդողանը՝ հավելելով, որ Նոր Զելանդիայում կատարվածը տգիտության ու ատելության հետևանք է:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ պետք է ընդունել, որ Նոր Զելանդիայում անմեղ մարդկանց սպանած անձի ու Թուրքիայում, Ֆրանսիայում, Ինդոնեզիայում ու այլ վայրերում ահաբեկչական հարձակումներ իրականացնող անձանց միջև բացարձակապես որևէ տարբերություն չկա: Նա նշել է, որ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական գործողություններից հետո շատ արևմտյան քաղաքական գործիչներ դրանց համար մեղադրել են իսլամին ու մահմեդականներին:
«Ցավոք, Եվրոպայում և Արևմուտքում իսլամաֆոբիային, այլատյացությանն ու նման երևույթներին, որոնք անհամատեղելի են ազատական արժեքներին, ոչ մի արձագանք չհետևեց: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա նորից տեղի ունենա»,- ընդգծել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը կոչ է արել արևմտյան երկրների իշխանություններին ու հանրությանը մերժել ռասիզմի, այլատյացության և իսլամաֆոբիայի՝ սովորական դառնալու միտումը: