Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները:
Որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Դավիթ Տոնոյան
«Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ», - ասացՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվող մարտական պատրաստության ծրագիրը ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ինչն էլ ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե´ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:
«Նախագծի ընդունման արդյունքում պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող պաշտպանության նախարարի հրամանները», - ասաց նա։