Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայում տիրող իրավիճակի շուրջ:
Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայի խնդրի վերաբերյալ
Պոմպեոն զրույցի ընթացքում նշել է, որ Մոսկվայի կողմից Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին ցուցաբերվող աջակցությունը «երկարացնում է վենեսուելացի ժողովրդի տանջանքները»:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին վերջ տալ «ոչ կառուցողական պահվածքին» այս հարցում:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Ռուսաստանն արհամարհում է Վենեսուելայի ժողովրդի կամքը՝ աջակցելով այդ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին:
«Մոսկվան, ինչպես և Հավանան, շարունակում է քաղաքական աջակցություն ցույց տալ Մադուրոյի ռեժիմին՝ միաժամանակ ճնշում գործադրելով մյուս երկրների վրա, որպեսզի նրանք նույնպես արհամարհեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի ժողովրդավարական լեգիտիմությունը», - ասել է Պոմպեոն:
Նշենք, որ Վենեսուելայում ներքաղաքական ճգնաժամի ու անկարգությունների ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Նրա իշխանությունը ճանաչել են ԱՄՆ-ն, արևմտյան ու լատինամերիկյան մի շարք երկրներ: