Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ երկրի բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի, հետևաբար կարևոր է, որ ներկայում իրագործվող բարեփոխումները շոշափելի արդյունքներ տան:
«Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի». ԵԽԽՎ համազեկուցողներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելիի 2019թ. մարտի 12-14-ը Հայաստան կատարած այցից հետո ներկայացրած զեկույցում:
Զեկուցողները ողջունել են Հայաստանի գործադիր իշխանությունների՝ իշխանությունն ավելի արդյունավետ ու ճիշտ ձևով վերաբաշխելու պատրաստակամությունը:
«Իշխանության ուղղահայցության» ավանդույթը Հայաստանում հնացել է և ուժերի հավասարակշռության հասնելու ցանկացած պատրաստակամություն միայն ողջունելի է», - շեշտել են զեկույցի ուկրաինացի և սլովենացի համահեղինակները՝ ողջունելով նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատրաստակամությունը ինստիտուցիոնալ համակարգում ԱԺ-ին կենտրոնական դեր տալու հարցում:
Ըստ զեկույցի՝ սա կարող է էապես օգնել Հայաստանում իրական ժողովրդավարական մշակույթի ամրապնդմանը, որի հիմքը կլինի հանդուրժողականությունն ու այլակարծության ընդունումը: