Artsakhpress

Վերլուծական

Ռազմաքաղաքական և պետաշինարական գործընթացները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (1992 թ. հունվար - ապրիլ ամիսներին)

Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակումը (1991թ. սեպտեմբերի 2) եւ Գերագույն խորհուրդի (ԳԽ) ընտրությունները, ԼՂ-ում որոշ չափով պահպանվում ու գործում էին խորհրդային իշխանության մարմինները:

Ռազմաքաղաքական և պետաշինարական գործընթացները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (1992 թ. հունվար - ապրիլ ամիսներին)

Ռազմաքաղաքական և պետաշինարական գործընթացները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
(1992 թ. հունվար - ապրիլ ամիսներին)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սակայն նրանց գործունեությունը թեւ հիմնված էր ԽՍՀՄ օրենքների վրա, այնուամենայնիվ, ամբողջովին ենթարկեցված էր Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ ինքնուրույն պետականություն ստեղծելու նպատակները հետապնդող համաժողովրդական շարժման խնդիրներին: Դրանք, հատկապես Շարժման առջեւ կանգնած քաղաքական ու դիվանագիտական բնույթի հարցերի լուծման գործում ժողպատգամավորների մարզային խորհուրդն ու նրա գործկոմը, ոչ միայն ցուցաբերում էին մեծ ակտիվություն, այլեւ դարձել էին բոլոր գործողությունների օրինական, իրավական հիմքերի մշակման կենտրոն: Սակայն մարզում ստեղծված իրադրությամբ եւ նրա զարգացման ընթացքով թելադրված հիմնախնդիրները լուծելու գործում մարզգործկոմի ղեկավարության կողմից ցուցաբերվող նկատելի երկչոտությունը պահանջում էր ամրապնդել մարզի ղեկավարությունը: Հենց այդ նպատակն էր հետապնդում մարզային խորհրդի գործկոմի 1991 թ. հունիսի 11-ի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ղեկավարները, ԼՂԻՄ շրջգործկոմների նախագահները: Քննարկելով մարզում ստեղծված աղետալի վիճակը` ակտիվը որոշեց ձեռնարկել կազմակերպչական անհետաձգելի միջոցներ` ընդունելով մարզգործկոմի նախագահ Սեմյոն Բաբայանի հրաժարականը: Նախագահի պարտականությունների կատարումը դրվեց նրա առաջին տեղակալ Լեոնարդ Պետրոսյանի վրա:
ԼՂՀ-ի հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունված Հռչակագրում ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդն ու նրա գործկոմը ճանաչվեցին որպես ԼՂՀ պետական իշխանության եւ կառավարման ժամանակավոր բարձրագույն մարմին` մինչեւ համաժողովրդական ընտրությունների անցկացումը, իշխանության ու կառավարման հանրապետական մարմինների ձեւավորումը:
Սակայն Արցախի պետականության հիմքերը դնելու համար հույժ կարեւոր այս գործընթացներն արագացնելուն խոչընդոտում էին ԽՍՀՄ-ի լուծարման նախաշեմին երկրում ստեղծված խառնաշփոթ, կատարելապես անորոշ իրավիճակը եւ օրեցօր սաստկացող ադրբեջանական ագրեսիան: Միջազգային հարաբերությունների այս նոր պայմաններում, ժամանակի քաղաքական պահանջներին համապատասխան` Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահները ստանձնեցին միջնորդի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա էլ հենց կարելի է համարել առաջին տեւական միջնորդությունը:
1991 թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ ժամանեցին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) եւ Ղազախստանի Հանրապետության նախագահներ Բորիս Ելցինը եւ Նորսուլթան Նազարբաեւը: Նրանց ուղեկցում էր Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը: Ստեփանակերտ կատարած այցից հետո` սեպտեմբերի 23-ին, Ժելեզնովոդսկում նրանց հովանու ներքո կայացան բանակցություններ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ, որոնց արդյունքում ընդունվեց համատեղ կոմյունիկե։ Ցանկանում ենք նշել, որ փաստաթղթի ստորագրմանը մասնակցում էին ԼՂՀ ներկայացուցիչները` միայն դիտորդի կարգավիճակով:
Սակայն այն չհանգեցրեց ԼՂ-ի իրավիճակի բարելավմանը: Ընդհակառակը, ադրբեջանական կողմը կտրուկ սաստկացրեց հրետակոծումները եւ հայկական բնակավայրերի վրա կատարվող հարձակումները, որոնք բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձան:
Հոկտեմբերի 15-ին, Ժելեզնովոդսկում ընդունված փաստաթղթի կատարման ընթացքին ծանոթանալու համար, Բաքու ժամանեցին Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների ներկայացուցիչները: Նրանց ընդունելով` Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը հայտարարեց, թե ԼՂ-ի հարցը իրավազոր է լուծելու միայն Ադրբեջանը, եւ ոչ ոք չպետք է միջամտի նրա ներքին գործերին: Միաժամանակ Բաքվում ամեն օր տեղի էին ունենում Ադրբեջանի ժողովրդական ճակատի հակահայկական հանրահավաքներ, որտեղ Ղարաբաղը նվաճելու նպատակով կանոնավոր բանակ ստեղծելու կոչեր էին հնչում։
Ինչ վերաբերում է բուն միջնորդությանը, կարծում ենք, որ այն պայմանավորված էր մի շարք քաղաքական շահենկատ գործոններով: Ելցինին եւ Նազարբաեւին անհրաժեշտ էր ցույց տալ, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններն ի վիճակի չէին լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ ավելի թարմ ուժերը, նոր մտածողությամբ գործիչները կարող Էին: Անշուշտ, Ելցինը, կանխատեսելով ԽՍՀՄ-ի լուծարումը, պետք է փորձեր պահպանել Ռուսաստանի առաջատար դերը տարածաշրջանում: Բացի այս նպատակից, Ելցինը նաեւ ցանկանում էր ցույց տալ, որ իրական իշխանությունն իրեն է պատկանում, եւ փորձում էր իր հեղինակությունը բարձրացնել միջազգային ասպարեզում: Իր առաքելությանն ավելի մեծ կշիռ եւ հեղինակություն տալու համար Ելցինը նախաձեռնության մեջ ներգրավեց Ղազախստանի` ԽՍՀՄ-ի հեղինակավոր հանրապետություններից մեկի նախագահ Ն. Նազարբաեւին: Անշուշտ, իրենց դերն էին խաղացել նաեւ Ղազախստանի էթնոմշակութային կապերը թուրքալեզու եւ մուսուլմանական պետությունների հետ: Բացի դրանից, այդ ժամանակ նկատվում էր Անկարա-Ալմաթա-Բաքու մերձեցումը. հետեւապես` Ղազախստանն այդ ժամանակաշրջանում անուղղակիորեն վայելում էր նաեւ Թուրքիայի համակրանքը:
Այսպիսով` Ադրբեջանի կողմից Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների միջնորդական առաքելության ձախողումը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, օգտվելով ԽՍՀՄ-ում ստեղծված ներքաղաքական ճգնաժամից, գերադասում էր հակամարտությունը լուծել միայն ռազմական ճանապարհով:
Ինչպես տեսանք, Ժելեզնովոդսկում ձեռք բերված համաձայությունները եւ հրապարակված կոմյունիկեն չնպաստեցին տարածաշրջանում իրադրության կայունացմանը, եւ նշմարելի էր դառնում վերահաս լայնամասշտաբ պատերազմի ուրվականը: Շարունակելի:
                                                                         
                                                                       Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search