Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ տարվա տնտեսական ճգնաժամը հրահրել էին արեւմտյան երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ն:
Էրդողանը ԱՄՆ-ին է համարում Թուրքիայի տնտեսական ճգնաժամի մեղավորը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքիայի արժութային շուկայում 2018 թվականի օգոստոսյան մանիպուլյացիաների հետեւում կանգնած են Արեւմուտքի մի շարք երկրներ, գլխավորապես ԱՄՆ-ն՝ Անկարայի վրա ճնշում գործադրելու փորձերով»,- հայտարարել է Էրդողանը, հայտնում է News.am-ը:
Խոսքն այն իրադրության մասին է, որը երկրում ստեղծվել էր 2018-ի օգոստոսին: Թուրքիայից ներմուծվող ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը կրկնակի բարձրացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվել էր՝ կրկնելով պատմական նվազագույնը: