Artsakhpress

Հարցազրույց

Այցս աշխատանքային էր և հագեցած. ՀՀ ԱԺ պատգամավորը արցախյան հանդիպումների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անցած շաբաթ Արցախում էր: Նա հանդիպում է ունեցել Արցախի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ եղել առաջնագծում:

Այցս աշխատանքային էր և հագեցած. ՀՀ ԱԺ պատգամավորը արցախյան հանդիպումների մասին

Այցս աշխատանքային էր և հագեցած. ՀՀ ԱԺ պատգամավորը արցախյան հանդիպումների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս առիթով  «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:
- Ո՞րն էր Ձեր այցի նպատակը:
- Երբ ես ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվեցի Գեղարքունիքի մարզի թիվ 8 ընտրատարածքից, որոշել էի՝ մանդատս ստանալուց հետո առաջին հանդիպումներս պետք է լինեն մարզի բնակիչների հետ, այնուհետեւ պիտի Արցախում լինեմ:
Ես Արցախի հետ կապված եմ դեռ լրագրողական տարիներից, ամեն տարի, նաեւ տարվա մեջ մի քանի անգամ եղել եմ Արցախի տարբեր բնակավայրերում եւ պատգամավորական իմ գործունեությունը չէր կարող խախտել այդ օրակարգը: Հենց այդ սկզբունքներից ելնելով էլ Արցախ եկա:
- Ի՞նչ տպավորություններ ունեք Արցախից, ինչ հարցեր հասցրեցիք շոշափել:
- Տպավորություններս Արցախից, ինչպես ավանդաբար, անասելի դրական են: Այս երկրում յուրօրինակ էներգետիկա կա. ես ինձ լավ եմ զգում Արցախում: Լինելով ռազմականացված բնակավայր՝ այնուամենայնիվ, խորը խաղաղություն ու մաքրություն կա Արցախում:
Ինչ վերաբերում է իմ ունեցած հանդիպումներին, ապա ասեմ, որ 3 օրվա ընթացքում հասցրեցի բազմապիսի հարցեր քննարկել, հագեցած օրակարգ էր: Շատ կարեւոր հանդիպում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ շփումը: Հետաքրքիր եւ ուշագրավ թեմաներ քննարկեցինք նախագահի հետ: Եւ ես իմ պատրաստակամությունը հայտնեցի՝ Արցախին ամեն կերպ օգտակար լինելու: Հանդիպեցի նաեւ ԱԺ նախագահի հետ, քննարկեցինք խորհրդարանական կապերը խորացնելու, համագործակցության ընդլայնման եւ դիվանագիտական մի շարք հարցեր:
- Ձեր հանդիպումները կարծես թե միայն քաղաքական թեմաներով չէի՞ն սահմանափակվում:
- Այո, ճիշտ եք: Շատ հետաքրքիր հանդիպում ունեցա նաեւ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ ներկայիս պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Արայիկ Հարությունյանին, որպես գործի մարդ, հեռանկարային քաղաքական գործիչ, վաղուց եմ ճանաչում: Իսկ Գրիգորի Մարտիրոսյանի հետ առաջին անգամ էինք հանդիպում եւ շատ արդյունավետ զրույց ունեցանք: Արցախի տնտեսական զարգացման տեսլականի մասին խոսեցինք՝ կարեւորելով զբաղվածության խնդրի կարգավորման անհրաժեշտությունը: Ու քանի որ ես մի շարք նամակներ էի ստացել, որոնք վերաբերում էին Արցախի ռոումինգ ծառայության բարձր սակագներին, ինչը դժվարացնում է հատկապես զինծառայողների ընտանիքի անդամների կենցաղը, շոշափեցինք նաեւ այդ նուրբ թեման: Ու ինձ համար հասկանալի դարձավ, որ այս փուլում Արցախում բջջային այլ օպերատորների ներգրավումը իրատեսական չէ: Հարցը պետք է կարգավորել գործող օպերատորի հետ բանակցությունների արդյունքում: Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ինձ տեղեկացրեց, որ առաջիկայում զինվորականների համար առանձին փաթեթներ են թողարկվելու եւ գործարկվելու, որոնցից օգտվողները անհամեմատ էժան սակագներով կկարողանան հաղորդակցվել:
- Առաջնագծից ի՞նչ տպավորություններ ունեք:
-Ես առաջին անգամ չէ, որ Արցախյան առաջնագծում էի: Բայց ինձ այս անգամ շատ ոգեւորեց մեր տեխնիկական հագեցվածությունը, որ անպատկերացնելի մեծ տեղաշարժ էր նախորդ տարիների համեմատությամբ: Կարելի է ասել՝ նախկինում ունեցած զինվորական ներկայացվածությունը առաջնագծում կրկնակի, եռակի աճել է, քանի որ նորագույն սարքավորումները եւս աչալուրջ հետեւում են առաջնագծի յուրաքանչյուր տեղաշարժը: ՊԲ հրամանատար, գեներալ Կարեն Աբրահամյանի հետ զրույցում զինվորականությանը առնչվող շատ հարցեր քննարկեցինք՝ կարեւորելով զինվորների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանվածությունը:
- Հանդիպեցիք նաեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը:
- Ես ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ եմ եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների օրենսդրությունների տարբերություններով պայմանավորված մարդու իրավունքների խախտումների համակարգային պատճառների վերացմանը միտված հնարավոր քայլերի եւ շատ այլ հարցերի քննարկման անհրաժեշտություն կար։ Ինչպես նաեւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Դրանով էր պայմանավորված նաեւ Արցախի ոստիկանապետ Իգոր Գրիգորյանի հետ հանդիպումը: Եւ ուրախությամբ արձանագրեցի, որ Արցախում, օրինակ, գրպանահատության դեպքեր երբեւէ չեն լինում: Եւ շատ այլ հանցատեսակներ, որոնք տարածված են Հայաստանում, Արցախում ուղղակի բացառված են:
- Որպես ամփոփում՝ ի՞նչ կասեք եռօրյա այցի մասին:
- Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեմ, կասեմ, որ իմ այցը Արցախի Հանրապետություն հագեցած էր ու հաջողված: Եւ ինչպես պայմանավորվեցինք Արցախի նախագահի հետ, իմ այցերը կլինեն շարունակական եւ ավելի հաճախ:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
Լուսանկարները՝ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search