Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությունը (լուսանկարներ)

Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությունը (լուսանկարներ)

Ստեփանակերտում   տեղի  է  ունեցել  Աստվածամոր Սուրբ  Հովանի Մայր Տաճարի օծման և բացման  արարողությունը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի  օծման արարողությունն  իրականացրել  է   Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, որից  հետո   իր    ձեռամբ   մատուցել  է    առաջին պատարագը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն իր   օրհնանքի    և  հայրապետական   մաղթանքն  է հղել    համայն  հայությանը: 
Նա    ասել  է,  որ  Մայր    աթոռ  Սուրբ  Էջմիածնից  եկել  են   ավետման   տոնի   այս  խոհախորհուրդ  օրն  իրենց  օրհնությունն  ու  գնահատանքը  փոխանցելու  արցախահայ  հայորդիներին  և  կիսելու  հոգևոր  խնդությունն ու խանդավառությունը  Ստեփանակերտի նորակառույց Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի  օծման  առիթով:
«Արցախի  գողտրիկ  երկրամասում   վեր   խոյացած    հայոց  հավատքի    նոր   վկայականի  հիմնարկեքը  մենք  կատարեցինք   2006  թվականին՝  հավատով, որ  Աստված  միշտ   մեզ  հետ  է, և   ձեռքբերումներ  ու   հաղթանակներ  է  պարգևում     մեր  բոլոր   բարի  ձգտումների  համար: Մեր  ժողովրդի  ժառանգած   ջանքերով  վեր   խոյացած  այս  եկեղեցին   Աստծո   օրհնությամբ  և   շնորհով  նոր   ղողանջը  պիտի  դառնա  մեր  հավատքի   ու  հաղթական  ոգու, նաև  ազդարարողն  Արցախի  մեր  ժողովրդի   ազատ  ու  անկախ կյանքի  անօտարելի  իրավունքին, ինչպես   նաև  մեր  քրիստոնեկան հավատքի  ու  ազգային ինքնության   անխորտակելի   շաղկապվածության»,-  մասնավորապես  ասել է  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի  խոսքով՝   իրենք  Արցախում  են   վերստին  վկայելու, որ    հակառակ  բոլոր դժվարություններին,   պարտադրված   պատերազմներին, ավերին  ու  կոտորածին, անհնար է  ընկճել  հայի  հավատքն  ու  ոգին, քանզի  Աստված   հայի   հետ  է:
Դիմելով  Արցախի  թեմի  առաջնորդ Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանին՝ Գարեգին  Բ-ն  մասնավորապես    ասել  է.  «Տարիներ  շարունակ    ջանք  ու  եռանդ  չեք  խնայել  Արցախի    հոգևոր  կյանքի  զարթոնքի  և  զորացման  համար, ինչպես  և  Արցախի  սրտում  այս  եկեղեցու   կառուցման  նվիրական  գործն  ավարտին  հասցնելու  համար:   Թող  Աստված   շնորհի  Ձեզ   քաջ  առողջություն, օրհնություններ,ամենայն   բարին: Այս  նվիրական    և  աստվածահաճո  գործի  իրականացման   համար   մեր  գնահատանքն  ենք  հայտնում նաև Արցախի  իշխանություններին, հայրենանվեր հովանավորներին,որոնց   օգնությամբ    և  օժանդակությամբ   իր դռները   բացեց  Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը»:
Արարողությանը  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանին   է  նվիրել   եպիսկոպոսական  պանակե  (կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ), իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  կողմից Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարին՝        Սուրբ  ծննդյան  տեսարանով  սրբապատկեր: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մայր  տաճարի  կառուցման   առաջին   բարերար լուսահոգի    Հրանտ   Վարդանյանի  երկու  որդիներին՝   Կարեն  և  Միքայել  Վարդանյաններին,    շնորհել  է  «Գրիգոր   Լուսավորիչ»  շքանշան: Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանն   էլ  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին    է  հանձնել   17-րդ  դարի  սկիհ  (Փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով արծաթյա եկեղեցական անոթ, որի մեջ լցնում են գինի՝ Պատարագի ժամանակ նվիրագործելու համար):
Մեզ  հետ զրույցում    Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը   շնորհավորել  է    հայ  ժողովրդին  Մայր  Տաճարի   բացման  առթիվ: 
 Նա   կարևորել է  եկեղեցաշինության   սուրբ  առաքելությունը  և   նշել, որ  հայ  ժողովրդը   դարեր  շարունակ ապրել  և  այսօր  էլ   շարունակում  է   ապրել  Աստծո  հավատքով:
«Ես  խոստացել  էի    տաճար   կառուցել, և  այն  ավելի  քան  12  տարի  անց      իրականություն  դարձավ, բայց  մենք  դեռ  անելիքներ  ունենք, լրիվությամբ   չենք  ավարտել, պիտի  տարածքներն  ամբողջությամբ  բարեկարգենք: Տաճարը կառուցվածքով   նման  է  Զվարթնոցին, իսկ  արտաքինից  Հռիփսիմե  վանքին. այն երկու վանքերի  միասնությունն  է»,- ավելացրել  է  Արցախի  թեմի  առաջնորդը:
Արցախի  պետական  նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանն  էլ  ասել է, որ պետությունը   միշտ  էլ   բարձր  է  գնահատել   եկեղեցու  դերը:
Նրա  խոսքով՝   ԱՀ   իշխանությունները   ևս  օժանդակել  են  Մայր  տաճարի  կառուցմանը, բայց   մեծ  մասն  իրականացվել  է  հովանավորների  կողմից, որոնց  մեր  երախտագիտությունն  ենք  հայտնում:
 
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար   Լեռնիկ  Հովհաննիսյանի  խոսքով՝   Մայր   տաճարի  բացումը  մեծ  նշանակություն   կունենա   հայության   համար:
«Կցանկանայի, որ   վերականգնվեին  և վերակառուցվեին  այն  բոլոր խոնարհված  հայկական    եկեղեցիները, որոնք    գտնվում  են  Արցախում,    և  մենք  կունենանք  այն  պատմամշակութային    արժեքները, որոնք  ժառանգել  են  մեր  պապերը: ՄԵր  առաքելությունն  է ոչ  միայն նոր  եկեղեցիներ  կառուցելը, այլ  նաև՝  հները  պահպանելը»,-ավելացրել  է Լ.  Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա էին  նաև ԱՀ  նախագահ Բակո  Սահակյանն   իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության  տնօրեն  Արթուր  Վանեցյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  հոգևոր   դասի  ներկայացուցիչներ, Մայր  տաճարի  հովանավորներ,  հյուրեր   ՀՀ-ից  և   Սփյուռքից, հավատացյալներ  և  այլք:
Նշենք,  որ  բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչի բարձրությունը՝ 3 մետր։  Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search