Գերմանական «Süddeutsche Zeitung» պարբերականը Թուրքիայի և Էրդողանի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։
Գերմանական մամուլ․ Էրդողանն իր մեծամտության համար արժանի պատիժ է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ աղբյուրի՝ ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցումն Անկարայի ամբարտավան պահվածքի համարժեք պատիժն է, փոխանցում է ermenihaber-ը:
Հոդվածի հեղինակ Ստեֆան Կոռնելիուսի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր էր միմյանց դեմ հանել առանց այդ էլ հակադրվող երկու երկրների՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, սակայն նա գերագնահատել էր իր ուժերը, ինչի համար համարժեք պատիժ ստացավ։
Թուրքիայի նախագահի համար անհաջող արդյունքներով ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ օր հետո ԱՄՆ-ը Թուրքիային ևս մեկ հարված հասցրեց՝ հրաժարվելով համագործակցել F-35 հարձակողական ինքնաթիռների նախագծի շրջանակներում, որով նախատեսվում էր Թուրքիային 100 ինքնաթիռ մատակարարել և որրը Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն ուներ։
Կոռնելիուսը համոզված է, որ ԱՄՆ-ի նման քայլը բոլորովին էլ զարմանլի չէ, քանի որ Էրդողանը ինքն է նպաստել նման արդյունքի՝ Ռուսաստանի հետ S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ սկսելով։
Հեղինակի պնդմամբ՝ ՀՕՊ համակարգերի շահագործման ընթացքում արտադրող երկրից տեխնիկական աջակցություն կարող է պահանջվել, որի համատեքստում ամերիկյան ինքնաթիռների գծագրերը ևս կարող են Մոսկվա ուղարկվել։
Կոռնելիուսը նշում է, որ Թուրքիան կարող էր նաև Ռուսաստանից ռազմական ինքնաթիռներ գնել, սակայն նման դեպքում պետք է իսպառ մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, ուստի քիչ հավանական է, որ Թուրքիան նման քայլի գնա։