Թուրքիան կարող է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը սահմանված ժամկետից շուտ ստանալ:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան կարող է սահմանված ժամկետից շուտ ստանալ ռուսական С-400 համակարգերը
Ավելի վաղ հայտարարվել էր, որ С-400 համակարգերի առաջին մասը Թուրքիա կհասցվի արդեն այս տարվա հուլիսին: Էրողանը նաև հայտնել է, որ, չնայած ԱՄՆ-ի կոչերին, իրենց իշխանությունները չեն հրաժարվի С-400-ի ձեռքբերումից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանից այդ կարգի զենիթահրթիռային համակարգեր ձեռք կբերի:
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Անկարան «ստիպված» է եղել ռուսական զենք գնել, քանի որ չի կարողացել համարժեք համակարգեր գնել իր դաշնակիցներից, ինչպես նաև ընդգծել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ հարաբերություններին այլընտրանք չեն: