ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) անցկացրած հետազոտության արդյունքում հաստատվել է, որ տիեզերքում գտնվելու հետևանքով մարդը կրում է ֆիզիոլոգիական փոփոխություններ:
ՆԱՍԱ-ն երկվորյակ եղբայրների օրինակով ապացուցել է, որ տիեզերքում գտնվելը փոխում է մարդու ֆիզիոլոգիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է tert.am-ը, ՆԱՍԱ-ն հետազոտել է գենետիկորեն նույնանման երկվորյակ տիեզերագնացներ Մարկ և Սքոթ Քելիներին՝ նրանցից մեկին 11 ամսով ուղարկելով Միջազգային տիեզերակայան, իսկ մյուսին թողնելով Երկրի վրա, որպեսզի ավելի ուշ նրանց տվյալները համեմատվեն:
Մասնագետների տասը թիմ մշտադիտարկել է ու վերլուծել Քելի երկվորյակների ֆիզիոլոգիային առնչվող ամեն դետալ՝ աղիքային բակտերիաներից մինչև գենային ակտիվություն ու կոգնիտիվ հնարավորություններ:
Արդյունքում պարզվել է, որ ՄՏԿ-ում մոտ մեկ տարի անցկացնելուց հետո Սքոթ Քելիի մոտ ի հայտ են եկել գենային ակտիվությանն առնչվող փոփոխություններ: Գեներից որոշները կապ են ունեցել իմունային համակարգի հետ, որը տիեզերքում գտնվելու ժամանակ մեծ լարվածության տակ է հայտնվում:
Բացի այդ, փոխվել է Սքոթի ակնախնձորի չափսը, բարակել են ցանցաթաղանթի նյարդն ու ճակատի մաշկը: Բացասական փոփոխություններ են գրանցվել տիեզերագնացի կոգնիտիվ ունակությունների հարցում:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, թե ինչ է պատահել Սքոթի տելոմերների`քրոմոսոմների ծայրերին գտնվող փոքրիկ մարմինների հետ: Տարիքին զուգահեռ տելոմերների երկարությունը կարճանում է, դա տեղի է ունենում նաև ֆիզիկական սթրեսի դեպքում: Սքոթի դեպքում տելոմերներն անսպասելիորեն երկարել են, ինչը մասնագետները չէին սպասում: Սակայն Երկիր վերադառնալուց հետո տղամարդու տելոմերները կրկին փոքրացել են՝ հավասարվելով երկվորյակ եղբոր տելոմերների չափսին:
Մասնագետները մանրամասնել են, որ Երկիր վերադառնալուց հետո ֆիզիոլոգիական փոփոխությունները վեց ամսվա ընթացքում վերացել են: