Artsakhpress

Վերլուծական

Լևոն Տեր-Պետրոսյանն Արթուր Մկրտչյանից պահանջել էր հրաժարական տալ. ի՞նչ էր տեղի ունենում 1992թ.-ի այս օրերին

Այսօր ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան տարելիցն է:

Լևոն Տեր-Պետրոսյանն Արթուր Մկրտչյանից պահանջել էր հրաժարական տալ. ի՞նչ էր տեղի ունենում 1992թ.-ի այս օրերին

Լևոն Տեր-Պետրոսյանն Արթուր Մկրտչյանից պահանջել էր հրաժարական տալ. ի՞նչ էր տեղի ունենում 1992թ.-ի այս օրերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀայկական երկրորդ պետությունը ընդամենը 97 օր ղեկավարած քաղաքական և պետական գործչի նշանակման, այդ օրհասական օրերին Արցախում կատարվող իրադարձությունների և ՀՀ ու ԱՀ իշխանությունների միջև առկա տարաձայնություններին է անդրադարձել Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը:
«1991 թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում հրավիրվել է արտադրական ձեռնարկությունների տնօրենների խորհուրդ` Արկադի Մանուչարովի գլխավորությամբ։
 
Նիստին մասնակցում էին հանրապետության ղեկավար կազմը եւ շրջանների ներկայացուցիչները։ Տնօրենների խորհուրդը հանրապետության ղեկավարների առաջ հարց դրեց` ստեղծել ԼՂՀ պաշտպանության խորհուրդ եւ բոլոր զինված ջոկատները միավորել հայրենիքը պաշտպանելու համար։

Հոկտեմբերի երկրորդ կեսից հանրապետությունում զինված ընդհարումները առավել հաճախակի էին դարձել։ Թշնամու հարձակումներին դիմակայելու նպատակով, դեռեւս նոր կազմավորվող ինքնապաշտպանական ուժերը (ԻՊՈՒ), չունենալով բավարար միջոցներ, այս ու այնտեղ պատասխան գործողությունների էին դիմում` վնասազերծելով ադրբեջանական ռազմական հենակետերը, իսկ նոյեմբերից Ադրբեջանի կողմից լայնածավալ զինված ագրեսիա սկսվեց ԼՂՀ-ի դեմ։ Առաջին անգամ խաղաղ բնակավայրերի վրա կիրառվեց միջազգային համաձայնագրերով արգելված զանգվածային ոչնչացման զենք։

Նույն ժամանակահատվածում՝ 1991 թ.-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ԳԽ-ն որոշում ընդունեց ԼՂԻՄ-ի լուծարման մասին: ԼՂԻՄ-ը վերացվում էր որպես ազգային տարածքային կազմավորում, իսկ նրա շրջաններն ու բնակավայրերը անվանափոխվում եւ վերաենթարկեցվում էին նորաստեղծ վարչական կենտրոններին: Երկու օր անց ԽՍՀՄ Սահմանադրական վերահսկողության կոմիտեն ընդունեց որոշում Ադրբեջանի եւ Հայաստանի ԳԽ ակտերի վերաբերյալ: Սահմանադրական վերահսկողության կոմիտեն դատապարտեց ԼՂԻՄ-ը լուծարելու մասին Ադրբեջանի օրենսդիր մարմնի ակտը, որը խախտում էր ԽՍՀՄ սահմանադրության մեջ ամրագրված ԼՂԻՄ-ի կարգավիճակը: ԽՍՀՄ սահմանադրության խախտում համարվեց նաեւ Հայաստանի ԳԽ-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին» որոշումը: Բայց ԼՂՀ-ի հռչակումը հակասահմանադրական չհամարվեց, ինչը փաստորեն նշանակում էր ԼՂՀ-ի իրավականության եւ Ադրբեջանի կազմից նրա դուրս գալու իրավասության ճանաչում:

Այնուամենայնիվ, տվյալ պարագայում Արցախի վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում։ Բացի ռազմական ագրեսիայից, տնտեսական կացությունը ԼՂՀ-ում մնում էր անմխիթար։ Հանրապետությունը գտնվում էր լրիվ շրջափակման մեջ։ Նշենք, որ օգոստոսի 24-ից դադարեցվել էին ինքնաթիռների թռիչքները Ստեփանակերտի օդանավակայանից, սեպտեմբերից Ստեփանակերտի երկաթուղային կայարան մուտք չէր գործել ոչ մի շարժակազմ, վառելիքի բացակայության պատճառով սեպտեմբերի 19-ից չէին աշխատում Ստեփանակերտի ավտոձեռնարկության ավտոմեքենաները, Ստեփանակերտում դադարեցվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը, խիստ վտանգի տակ էր նաեւ գազի մատակարարումը, արդեն զգացվում էր առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը։ Դրան զուգընթաց` նոյեմբերի վերջերից ամեն օր ռմբակոծվում էին ԼՂՀ բնակավայրերը, հատկապես` մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ավերվեցին տասնյակ բնակելի շենքեր, պետական եւ արտադրական օբյեկտներ, այդ թվում` մարզկոմի եւ մարզխորհրդի շենքերը, կենտրոնական հեռագրատունը։ Մարզխորհրդի եւ ԻՊՈՒ ղեկավարության հրահանգով կարգի էին բերվում քաղաքի բնակելի, հասարակական շենքերի ներքնահարկերը` որպես ապաստարաններ։

Տարածաշրջանում ռազմաքաղաքական մթնոլորտը ավելի շիկացնելու եւ մարտական գործողություններին նոր թափ հաղորդելու համար Ադրբեջանը որպես առիթ օգտագործեց ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացումը։ Այսպես, դեկտեմբերի 10-ին` հանրաքվեի օրը, տարբեր զինատեսակների կիրառմամբ ուժգին հրետակոծվեցին Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը։ Զոհվեց 10 եւ վիրավորվեց 11 հայ խաղաղ բնակիչ։

ԻՊՈՒ-ի առաջ դրվեց առաջնահերթ խնդիր` վնասազերծել ռազմական խոշոր հենակետերի վերածված ադրբեջանական այն գյուղերը, որտեղից գնդակոծության եւ հրետակոծության տակ էին պահում Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը:
Դեկտեմբերի 25-ին եւ 26-ին Արցախից դուրս բերվեցին նախկին ԽՍՀՄ-ի ներքին զորքերի ստորաբաժանումները, ինչի հետեւանքով անպաշտպան մնացին ԼՂՀ-ի բազմաթիվ բնակավայրեր եւ ժողովրդատնտեսական կարեւոր օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով սկսվեցին ադրբեջանական զինված ուժերի հարձակումները։ Ադրբեջանցիների ակտիվությունը թերեւս պայմանավորված էր նրանով, որ հասցրել էին Արցախ տեղափոխել մեծ քանակությամբ զինված ստորաբաժանումներ։ Ստեղծված իրադրությունում ինքնապաշտպանության պատասխանատուները խնդիր ունեին ուժեղացնել ժողտնտեսական օբյեկտների պաշտպանությունը` ներգրավելով խաղաղ բնակչությանը, ինչպես նաեւ ստեղծել առանձին ջոկատներ` հակառակորդի հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս) հանձնարարվեց անհապաղ ավարտել զինված խմբավորումների կազմավորումը։ Հայ ազատամարտիկները ստիպված էին ներքին պայմանավորվածության հասնել ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների հրամանատարության հետ եւ նրանց դուրսբերման պահին առգրավել որոշակի քանակությամբ զենք եւ զինամթերք։
 
ԼՂՀ-ի հռչակումից հետո սկսվեց նոր իշխանական կառույցների, առաջին հերթին` օրենսդիր մարմնի` Գերագույն խորհուրդի (ԳԽ) ձեւավորման գործընթացը: Պետական եւ ռազմական շինարարության խնդիրները լուծվում էին զուգահեռաբար չընդհատվող ռազմական գործողությունների պայմաններում: ԼՂՀ առաջին գումարման ԳԽ-ում, որը հետագայում անվանվեց ԼՂՀ խորհրդարան (այժմ՝ ԼՂՀ Ազգային ժողով), պետք է ընտրվեր 81 պատգամավոր: Ընտրությունների օր նշանակվեց 1991թ. դեկտեմբերի 28-ը: Ընտրությունների անցկացման կարգը քննարկվեց ԼՂՀ գործկոմի դեկտեմբերի 19-ի նիստում: Կազմավորվեց 81 ընտրատարածք, այդ թվում նաեւ բոլոր ադրբեջանաբնակ վայրերում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ հաստատվեց Էդուարդ  Պետրոսյանը:

Դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ ԳԽ ընտրությունները, որոնք անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով՝ ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:

Հանրապետության ԳԽ ընտրությունների մասին տեղյակ էին պահվել Շուշիի եւ ադրբեջանական մյուս բնակավայրերի բնակիչները։ Ադրբեջանցիները կատարեցին Մութալիբովի հրամանը եւ չմասնակցեցին ընտրություններին, ինչպես որ չէին մասնակցել հանրաքվեին։

ԼՂՀ ԳԽ ընտրություններից հետո` 1992 թ. հունվարի 6-ին, Ստեփանակերտում` նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, ընտրված 51 պատգամավորներից 48-ի մասնակցությամբ (ճանապարհները փակ լինելու պատճառով 3 պատգամավորներ չէին կարողացել հասնել Ստեփանակերտ) եւ 80 դիտորդների ու լրագրողների ներկայությամբ, «Հայր մեր» տերունական աղոթքով աշխատանքը սկսեց ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը: Նույն օրը ընդունվեց «ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը», ըստ որի` ԼՂՀ-ն հայտարարվեց անկախ պետություն, որի տարածքում պիտի գործեին ԼՂՀ Սահմանադրությունն ու օրենքները: Հռչակագրում այնուհետեւ ասված է, որ ԼՂՀ-ում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նրա տարածքում ապրող բոլոր բնակիչները հանդիսանում են հանրապետության քաղաքացիներ, հանրապետության տարածքում թույլատրվում է երկքաղաքացիությունը, բոլոր քաղաքացիները գտնվում են ԼՂՀ-ի պաշտպանության տակ, երաշխավորվում են նրանց իրավունքներն ու ազատությունը` անկախ ազգային պատկանելությունից: Հանրապետության ամբողջ տարածքի նյութական եւ հոգեւոր հարստությունները պատկանում են հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Հայրենիքը պաշտպանելու համար ստեղծվում են սեփական զինված ուժեր, եւ հանրապետության քաղաքացիները զինծառայություն են անցնում ԼՂՀ տարածքում: ԼՂՀ պետական լեզուն հայերենն է:
 
Հանրապետության սահմանները պաշտպանելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու համար հենց առաջին նիստում որոշվեց ստեղծել հանրապետության իշխանության բարձրագույն մարմիններին ենթակա սեփական ռազմական ուժեր, հասարակական կարգի պահպանության ու պետական անվտանգության մարմիններ եւ բոլոր ռազմական ուժերը միավորել մեկ հրամանատարության ներքո։

Հունվարի 7-ի նիստում պատգամավորները ձեռնամուխ եղան ԳԽ նախագահի ընտրության հարցի լուծմանը: Առաջադրվեցին 7 թեկնածուներ` Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Մկրտչյանը, Լևոն Մելիք-Շահնազարյանը, Արկադի Մանուչարովը եւ Շահեն Մեղրյանը: Թեկնածուներից հինգը ինքնաբացարկ հայտարարեցին, եւ մնացին Ա. Մկրտչյանն ու Լ. Պետրոսյանը: Մի քանի անգամ քվեարկություն կատարվելուց հետո 42 ձայնով ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրվեց ՀՅԴ անդամ, պատմական գիտությունների թեկնածու, 33-ամյա Ա. Մկրտչյանը: Ստեղծվեց նաեւ Նախարարների խորհուրդ (ՆԽ), որի նախագահ հաստատվեց Օլեգ Եսայանը, իսկ տեղակալ` Բորիս Առուշանյանը: Ընտրված պատգամավորների մեծամասնությունը ՀՅԴ անդամներ էին, եւ, ԳԽ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով, ՀՅԴ-ն որոշում ընդունեց երկրում ներքաղաքական կայունությունը պահպանելու նպատակով մի շարք կարեւոր ղեկավար պաշտոններ, այդ թվում ՆԽ նախագահինը, հանձնել մյուս քաղաքական ուժերին: ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչյանի առաջարկով ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնի համար առաջադրվեց Ռ. Քոչարյանի թեկնածությունը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ թեկնածուն անհրաժեշտ քվեներ չստացավ: Նախագահի առաջին տեղակալի պաշտոնը մնաց թափուր:

ԼՂՀ ԳԽ առաջին նստաշրջանը կոչով դիմեց ՄԱԿ-ին, աշխարհի բոլոր պետություններին, ԱՊՀ երկրներին` խնդրելով ճանաչել ԼՂՀ-ն, նրան օգնություն ցույց տալ եւ կանխել արցախահայության ցեղասպանությունը:
 
1992թ.-ի հունվարի 11-ին տեղի ունեցան ԼՂՀ Գերագույն Խորհրդի (ԳԽ) պատգամավորների լրացուցիչ ընտրություններ. 11 թափուր տեղի համար ընտրվեց 9 պատգամավոր, որոնց իրավունքները հաստատվեցին ԳԽ նստաշրջանի հունվարի 17-ի նիստում: Նույն օրը ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ ընտրվեց ՀՅԴ անդամ Գեորգի Պետրոսյանը, քարտուղար՝ պատմական գիտությունների թեկնածու, անկուսակցական Վլադիկ Հակոբյանը:

ԳԽ նստաշրջանն ընդունեց «Արտակարգ դրության մասին» օրենքը: Ապա կազմավորվեցին ԳԽ մշտական հանձնաժողովները: Մանդատային, պարկեշտության, մարդու իրավունքների եւ ազգությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հրանտ Խաչատրյանը, ագրարային հարցերի եւ գյուղական կյանքի մշտական հանձնաժողովի նախագահ` Վալերի Ալեքսանյանը, գիտության, կրթության, լեզվի, մշակույթի եւ լրատվական հանձնաժողովի նախագահ` Համլետ Գրիգորյանը, առողջապահության, սպորտի, սոցիալական հարցերի, բնապահպանության հանձնաժողովի նախագահ` Սլավիկ Աղաբալյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ` Վալերի Ղազարյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` Լևոն Մելիք-Շահնազարյանը, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ` Վալերի Բալայանը, պետական շինարարության, իրավական հարցերի եւ օրինականության ամրապնդման հանձնաժողովի նախագահ` Կարեն Բաբուրյանը: ԳԽ մշտական հանձնաժողովները մինչեւ Նախարարների խորհրդի (ՆԽ) լրիվ կազմավորումը իրենց վրա վերցրին նաեւ ՆԽ-ի մի շարք լիազորություններ:

Այսպիսով` արցախահայության ազատագրական պայքարը թեւակոխեց նոր շրջան` անկախ հանրապետության գոյության շրջանը: Սակայն ՀՅԴ-ի ակտիվությունը ակնհայտորեն դուր չեկավ պաշտոնական Երեւանին, որի գլուխ էր կագնած ՀՀՇ-ն: Եվ դա քաղաքական ցնցում հանդիսացավ Հայաստանի նոր իշխանության համար, որը տակավին չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում Արցախում: Որոշ առումով նուրբ իրավիճակ ստեղծվեց:
 
Այսպես, ԼՂՀ ԳԽ նստաշրջանն սկսելուց մի քանի օր առաջ` հունվարի 3-ին, Ստեփանակերտ էր ուղարկվել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ԳԽ-ի դիմումը: Այդ փաստաթղթում նշված էր, որ արցախահայության ազգային ազատագրական պայքարը թեւակոխել է նոր` պետականության հաստատման շրջան: ՀՀ ԳԽ-ն համոզված էր, որ այն կընթանա միջազգային իրավունքի հանրաճանաչ ժողովրդավարական նորմերին համապատասխան` դրանով օրինական հիմքի վրա դնելով ԼՂՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Այնուհետեւ ասված է, թե ՀՀ ԳԽ-ն ողջ հայ ժողովրդի անունից հավաստիացնում է ԼՂՀ ԳԽ-ին, որ բոլոր միջոցներով զորավիգ կլինի Արցախի պետականության հաստատմանն ու ամրապնդմանը: Սակայն մի քանի օր անց պարզվեց, որ վերոհիշյալ դիմումը պարզապես քաղաքական դեմարշ էր. ՀՀ-ի ՀՀՇ-ական իշխանությունները չէին սպասում դեպքերի նման ընթացքի, եւ հունվարի 12-ին, երբ ՀՀ ԳԽ նախագահության նիստի ժամանակ առաջարկվեց շնորհավորանքի խոսք հղել ԼՂՀ նորընտիր իշխանություններին, նախագահության 12 անդամներից Էդուարդ Եգորյանը եւ Աշոտ Ոսկանյանը դեմ քվեարկեցին` շատ լավ իմանալով, որ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է 11 ձայն: Այսպիսով, ՀՀ ԳԽ-ն չշնորհավորեց ԼՂՀ նորընտիր իշխանություններին: Պատճառը պարզ է. Արցախում իշխանության էին եկել ՀՀ-ի ՀՀՇ-ական ղեկավարության համար ոչ ցանկալի ուժեր: Փաստորեն, պաշտոնական Երեւանը ԼՂՀ-ի համար այդ դժվարին պայմաններում բացահայտ քաղաքական առճակատման գնաց Ստեփանակերտի հետ: Դրա արտահայտությունը դարձան ԼՂՀ իշխանությունների նկատմամբ ՀՀ ղեկավարության հետագա վերաբերմունքն ու ձեռնարկած քայլերը:

ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչյանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը կատարեց առաջին պաշտոնական այցը Երեւան: Պաշտոնական տեղեկագրերում մանրամասություններ չեն պահպանվել նաեւ այդ այցի վերաբերյալ: Սակայն գոյություն ունեն տեսակետներ այն մասին, թե ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը Ա. Մկրտչյանին ընդունել է խիստ սառը եւ պահանջել հրաժարական տալ:

Իսկ ռազմական իրադրությունը ԼՂՀ-ում շարունակում էր շիկանալ: Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջում էին կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) կառուցվածքային ու մարտական բնութագրերը, այլ նաեւ կառավարման համակարգը։      

Դրանում հույժ կարեւոր դեր խաղաց ԼՂՀ ԳԽ նախագահության 1992թ. փետրվարի 24-ին կայացած նիստի հատուկ որոշումը ԼՂՀ ԻՊՈՒ-ի մասին։ Այդ որոշման մեջ, մասնավորապես, արձանագրված էր. «Ելնելով նրանից, որ ԼՂ-ի հայ ազգաբնակչության նկատմամբ տարվող ցեղասպանությունը, թալանի եւ բռնության քաղաքականությունը եւ հայկական գյուղերի զանգվածային բռնատեղահանումը հանգեցրել են ԼՂ-ի շահերը պաշտպանելու կոչված կամավորական ջոկատների ստեղծմանը, և նկատի ունենալով ԼՂՀ-ի նկատմամբ ԱՀ-ի կողմից հարաճուն զավթողական գործողությունները, զորահավաքի միջոցների հաշվառման եւ հանրապետության պաշտպանության ապահովման նպատակով կազմավորված զինյալ ջոկատները ճանաչել որպես ԼՂՀ ԻՊՈՒ եւ դրանք ենթարկել միասնական հրամանատարության։ Շրջանային (քաղաքային) գործկոմներին եւ զինկոմիսարիատներին հանձնարարել մեկամսյա ժամկետում անցկացնել հանրապետության բոլոր զինապարտների վերահաշվառում եւ զինակոչային տարիքի քաղաքացիների հաշվառում։ ԼՂՀ ԻՊՈԻ-ում ներգրավված զինապարտներին համարել զորակոչված։ Զինկոմիսարիատներին հանձնարարել ԼՂՀ ԻՊՈՒ-ի շրջանային ստորաբաժանումների շտաբների հետ համատեղ կազմակերպել ԼՂՀ շահերի համար պայքարում զոհվածների, անհայտ կորած եւ հաշմանդամ անձանց վերահաշվառում»։

Մարտի 4-ի ԳԽ նախագահության նիստում Արցախի ԻՊՈԻ հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը։ Նույն օրը նախագահությունը որոշեց ԼՂՀ ԳԽ 1992թ. հունվարի 9-ի որոշմանը համապատասխան` հաստատել ԼՂՀ պաշտպանության խորհրդի (ՊԽ) կազմը, որը ներկայացրել էր ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչյանը։ ՊԽ-ում ընդգրկվեցին Ա. Մկրտչյանը (նախագահ), Օ. Եսայանը, Վ. Բալայանը, Ս. Սարգսյանը, Ա. Տեր-Թադեւոսյանը, Ռ. Քոչարյանը եւ Արկադի Կարապետյանը։ Այնուհետեւ նախագահությունը հանձնարարեց ՊԽ-ին` ԼՂՀ ԳԽ պաշտպանության եւ անվտանգության, պետական շինարարության, իրավական հարցերի եւ օրինականության ամրապնդման հանձնաժողովների հետ համատեղ նախապատրաստել եւ ԼՂՀ ԳԽ նախագահության քննարկմանը ներկայացնել «Պաշտպանության խորհրդի մասին», «Ինքնապաշտպանության ուժերի մասին» կանոնադրությունների նախագծերը»։  Շարունակելի…

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search