Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում մրցանակային տեղեր գրաված արցախցի մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողություն:
Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանց ողջունել են դրոշներով, զուռնա-դհոլով, ցուցապաստառներով:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը դափնեպսակներ է հանձնել մարզիկներին և հավաքականի Արցախի և Հայաստանի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանն ասել է, որ նախորդ տարիների համեմատ,ինքն էլ ավելի բարձր է գնահատում առաջնության արդյունքները:
«Մեր մարզիկները պատվով հանդես եկան և նրանց շնորհիվ Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում գրավեց թիմային 2-րդ տեղ՝ զիջելով Ռուսաստանին: Վստահ եմ, որ նրանք կշարունակեն իրենց հաղթարշավը և աշխարհի առաջնությանը կներկայանան առավել բարձր մակարդակով»,-մասնավորապես ասել է Ա. Դանիելյանը:
Մեզ հետ զրույցում Էռնեստ Միրզոյանն էլ ավելացրել է, որ ինքը շատ գոհ է իր սաների ցուցաբերած արդյունքներից. նրանք դժվարին պայքարում պատվավոր ու արժանի հաղթանակ են գրանցել: Նա վստահ է, որ սպասվող առաջնություններում ևս մարզիկները ուրախության դեռ շատ առիթներ կպարգևեն արցախցիներին:
Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալակիր Դավիթ Հովսեփյանն ասել է, որ անչափ ոգևորված է հայրենիքում նման ընդունելության արժանանալուց:
«Ունեցա 3 գոտեմարտ և, եզրափակչում դժվարությամբ հաղթելով վրացի մարզիկին, դարձա չեմպիոն: Եվրոպայի առաջնությանը մասնակցում եմ երկրորդ անգամ: Նախորդ տարի գրավել էի 2-րդ մրցանակային տեղ: Ավելի մեծ թափով աշխատելով ու նախապատրաստվելով առաջնությանը՝այս անգամ կարողացա գրանցել լիարժեք հաղթանակ: Երազում եմ դառնալ աշխարհի չեմպիոն և կանեմ ամեն ինչ նպատակիս հասնելու համար»,-նշել է մարզիկը:
Հիշեցնենք,որ ապրիլի 12-14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports enter Limassol Polemidia մարզապալատում անցկացված սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում հայ սամբիստները նվաճել են 16 մեդալ: