Facebook ընկերությունը, որը 2012թ.-ին գնել է Instagram սոցկայքը, դրա միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերն առանց ծածկագրման՝ ընթեռնելի ձևով է պահել:
Facebook-ն Instagram-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահել է առանց ծածկագրման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք Instagram-ի օգտատերերի գաղտնաբառերի լրացուցիչ տեղեկամատյաններ ենք հայտնաբերել, որոնցում դրանք պահպանվել են ընթեռնելի՝ ոչ ծածկագրված ձևով: Համաձայն մեր հաշվարկների՝ խնդիրը վերաբերել է սոցկայքի միլիոնավոր օգտատերերի»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է Tert.am-ը:
Ընկերությունը խոստացել է ծանուցել բոլոր այն օգտատերերին, որոնց գաղտնաբառերը չծածկագրված ձևով են պահպանվել, ինչպես նաև վստահեցրել է, որ դրանք չեն օգտագործվել ընկերության աշխատակիցների կողմից:
Սա առաջին դեպքը չէ, երբ ընկերության սոցկայքերի օգտատերերի գաղտնաբառերը հասանելի են դառնում դրա աշխատակիցների համար: Մարտի վերջին հաղորդվել էր, որ Facebook սոցցանցի շատ օգտատերերի գաղտնաբառեր, որոնք սովորաբար ծածկագրված ձևով են պահպանվում տվյալների պահպանման համակարգում, հասանելի են դարձել ընկերության աշխատակիցներին: