Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:
Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով padovando.com-ին:
Հիշատակի օրը տեղի ժամանակով ժամը 11:00-ին Մորոնի պալատում՝ քաղաքապետարանի նախասրահում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բրոնզե հուշատախտակին դափնեպսակ կդրվի: Միջոցառմանը ներկա կլինեն Պադովայի քաղաքապետ Սերջո Ջորդանին, հայ համայնքի և Italiarmenia կազմակերպության ներկայացուցիչ Վահե Հակոբ Մումջյանը, ինչպես նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության անդամ, հայր Համազասպ Քեշիշյանը:
Ավելի ուշ երթ կկազմակերպվի դեպի 20-րդ դարի ցեղասպանություններին դիմակայած մարդկանց հիշատակին կառուցված այգի: Երեկոյան հիշատակի ծրագրի շրջանակում կներկայացվեն ցեղասպանությունից հետո Իտալիայում հայերի ինտեգրման պատմությունները:
Հայտնի է, որ Պադովայի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997թ.-ի հոկտեմբերի 27-ին: