Ստեփանակերտում ներկայացվել է Խաչատուր Ավետիսյանի «Տաղերգություն եղեռնի զոհերի հիշատակին» օրատորիան
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Արցախի ազգային նվագարանների նվագախմբի համատեղ նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկայացվել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի «Տաղերգություն եղեռնի զոհերի հիշատակին» օրատորիան (երաժշտական ժանր)՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին:
Ստեփանակերտում ներկայացվել է Խաչատուր Ավետիսյանի «Տաղերգություն եղեռնի զոհերի հիշատակին» օրատորիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրատորիան ներկայացվել է Արցախի ազգային նվագարանների նվագախմբի և ԱՀ պետական երգչախմբի համատեղ կատարմամբ: Համերգային ծրագրի մեներգիչներն էին Էլինա Ջամալյանը և Մարատ Հարությունյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանն ասել է, որ ապրիլ ամսում հայ ժողովրդի կյանքում մեծ մեղքեր գործվել, բայց ապրիլյան դավերին հայ ազգը պատասխանել է ապրելու կամքով: Այսօրվա համերգը դրա առհավատչյան է:
Խոսելով օրատորիայի մասին՝ Լ. Սարդարյանն ասել է. «Արցխում առաջին անգամ հնչել է Խ. Ավետիսյանի օրատորիան, որը երաժշտական ժանրում մասսայական ողբերգության արտահայտման ցայտուն օրինակ է: Օրատորիայի հիմքում դրված բանաստեղծական շարքի բառերը բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանինն են: Այն գրված է երկու մեներգիչների, խառը երգչախմբի և ազգային նվագարանների նվագախմբի համար»:
Մեզ հետ զրույցում ԱՀ պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Նինա գրիգորյանն էլ ասել է, որ այօրվա համերգն Արցախի ազգային նվագարանների նվագախմբի հետ իրենց երկրորդ համագործակցությունն է. այն բավականին հաջողված է:
Ըստ խմբավարի՝ նման ծրագրերով իրենք պատրաստ են շարունակել համատեղ համերգները և հանդիսատեսին ներկացնել երաժշտական նոր ժանրեր:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և այլք: