Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների։ Մասնավորապես, ապրիլի 23-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյում կազմակերպված հիշատակի երթին, որն ավարտվել է հանրահավաքով: Հանրահավաքին ելույթ է ունեցել նախարար Մայիլյանը:
Արցախի պատվիրակությունը Ուրուգվայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին
Ապրիլի 24-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Ազատություն» և «Հայաստան» հրապարակներում կազմակերպված հանրահավաքներին։
Իր խոսքում Արցախի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Ուրուգվայի ժողովուրդին և իշխանություններին Մեծ Եղեռնից փրկված հայերին ապաստան տալու և Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչելու համար։ Նախարարը բարձր է գնահատել Ուրուգվայի օրվա իշխանությունների այդ աննախադեպ քայլը, որն ապացուցել է ուրուգվայցիների համար մարդու իրավունքների և արդարության առաջնային նշանակությունը։