Artsakhpress

Տնտեսական

2023թ.-ին Արցախում կարտադրվի 1 միլիարդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 29-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը բուհում հանդես է եկել «Արցախը որպես էներգետիկ անկախ երկիր» թեմայով դասախոսությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը նշել է, որ դեռևս, 2007 թ.-ին, երբ նշանակվել է վարչապետ, Հանրապետության Նախագահի կողմից իրեն տրվել էր երկու կարևոր հանձնարարական՝ կապված էներգետիկ և պարենային անկախության հետ:
«Ցանկացած երկիր, հատկապես երբ ունենում է տարածաշրջանային խնդիրներ, կարևորում է այդ երկու գործոնները, որոնք գրեթե համեմատվում են ընդհանուր անվտանգության հետ: Մեր պարագայում պետք է առանձնացնել հատկապես 1991-1994 թթ.-ը, երբ Արցախում և Հայաստանում էներգետիկ ճգնաժամ էր, և 2008 թ.-ը, երբ ռուս-վրացական ընդհարումների պատճառով ՀՀ-ում սպառվում էին նավթամթերքի պաշարները: Արցախի էներգետիկ հնարավորությունների մեջ մենք դիտարկել հիդրոէներգետիկան, քանի որ արևային, հողմաէներգետիկան և բիոզանգվածը, ըստ փորձագետների և առկա պայմանների, մեծ հեռանկարներ չեն խոստացել: Կան նաև էներգիայի այլ աղբյուրներ, որոնք այսօր չենք կարևորել՝ հաշվի առնելով ներդրումային ծախսերը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Այնուհետև, անդրադառնալով Արցախի էներգետիկ անկախության պատմությանը, Ա. Հարությունյանը մասնավորապես նշել է, որ 2000-2007 թթ. Արցախում արտադրվում էր ընդամենը 90 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ սպառումը կազմում էր ավելի քան 200 միլիոն կիլովատտ/ժամ: Առաջին փոքր ՀԷԿ-ի շինարարությանը զուգընթաց, որը սկսվել ենք 2008 թ.-ից, հանրապետությունում սկսել են ավելանալ արտադրվող հոսանքի ծավալները, և 2018 թ.-ին արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 388 մլն կիլովատտ/ժամ, արդեն իսկ սպառումը՝ 385 մլն ԿՎտ/ժ: 2019 թ-ին սպասվում է 522 մլն ԿՎտ/ժամ արտադրություն, սպառումը՝ 385 միլիոն ԿՎտ/ժ, իսկ 2023 թ.-ին կանխատեսվում է 1 միլիարդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրություն, սպառումը մոտ 500 միլիոն ԿՎտ/ժամ:
Հանդիպմանն Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search